Tert.am _ ը գրում է 

Երևանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների, հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, հասարակության մտահոգության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան, Դատախազության ներկայացրած հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծության համաձայն՝ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում, սակայն հասարակության արձագանքն այլ է՝ վենդետայի դեպքերն ավելացել են, օրը ցերեկով սպանություններ են տեղի ունենում: Ինչի՞ հետևանք է սա:

-Իմ գնահատմամբ այդ տպավորությունը զգացմունքային գնահատման արդյունք է: Այն, ինչ ներկայացրել է Դատախազությունը, դրանք քրեական վիճակագրության տվյալներն են, իսկ մամուլի հրապարկումներից հետո հանրային արձագանքը բնականաբար պիտի զգացմունքային լինի: Տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը դուրս է եկել իրավապահ մարմինների վերահսկողությունից և հասարակությունը տագնապի զգացողություն է ապրում: Բայց նման դեպքերը կարող են մտահոգության առիթ դառնալ միայն այն ժամանակ, երբ երկրում փոխում են հանցավորության վիճակը և՛ քանակական, և՛ որակական իմաստով: Պաշտոնական տվյալներով հակառակն է՝ առանձնապես ծանր հանցագործությունների նվազում և բացահայտման ցուցանիշների աճ կա: Սպանությունների գծով բացահայտումը այս պահի դրությամբ 70,3% է:

-Վերջերս կրակոցների մի շարք դեպքեր գրանցվեցին՝ Շամիրամի դեպքը, ինչի հետևանքով չորս մարդ սպանվեց,մի քանի օր առաջ Էջմիածնում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով երկու զոհ եղավ, սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվեց, ասացիք՝ իրավիճակը վերահսկելի է, այլապես ինչի՞ մասին են խոսում այս դեպքերը, և արդյոք սա արտառոց չէ՞:

- Ցավոք, քողարկվող, մանրամասն պլանավորած հանցագործությունները, նախապատրաստվող հանցագործությունները միշտ չէ, որ հաջողվում է կանխել: Դա քրեաբաններին հայտնի օրինաչափություն է և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Հայտնի է, թե ինչ ահաբեկչություններ են տեղի ունենում Եվրոպայում, ամենազարգացած երկրներում անգամ չի հաջողվում դրանք կանխել: Մեր հասարակությանը հորդորում եմ կենտրոնանալ իրավապահների աշխատանքի արդյունքի վրա: Ես էլ ավելի կմտահոգվեի, եթե նման արարք կատարած անձինք մնային անպատիժ, հնարավորություն ունենային խուսափել քրեական պատասխանատվությունից և գործերը մնային չբացահայտված: Դա կլիներ իրոք շատ մտահոգիչ, բայց եթե նայում ենք բացահայտումների ցուցանիշը, ապա դրանք բավականին հաջող են: Այսինքն, նման հանցավոր արարքներ կատարած անձինք վաղ, թե ուշ կանգնում են դատարանի առաջ: Այս վերջին՝ Վերնիսաժի դեպքի ենթադրյալ մեղադրվողներին պարզելը լուրջ օպերատիվ աշխատանքի արդյունքն էր: Աշխատանքները տարվում են, ամեն դեպքում, պետք է նայել՝ հաջողվո՞ւմ է դրանք բացահայտել, թե՞ ոչ, հաջողվո՞ւմ է մեղադրվողներին կանգնեցնել դատարանի առաջ, թե՞ ոչ: Եթե այս կոնտեքստում նայենք, կտեսնենք, որ իրավիճակը վատ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել:

- Իրավիճակի վատ ներկայացման հետ կապված, պարոն Քոչարյան, կարծիքներ են հնչում, որ Երևան քաղաքի կենտրում կամ այլ քաղաքներում հնչած կրակոցները կարող են փոխել երկրի դեմքը զբոսաշրջիկների և ոչ միայն նրանց համար, և Հայաստանն աշխարհում այլևս չի ընկալվի որպես անվտանգ երկիր: Վերջին դեպքերը կթողնե՞ն իրենց բացասական ազդեցությունը Հայաստանի վրա զբոսաշրջիկների և ոչ միայն զբոսաշրջիկների տեսանկյունից:

- Կարող են ազդել, եթե հասարակական վայրում կատարվող հանցագործություններն իրենց թվաքանակով հանցավորության վրա էական ազդեցություն թողնեն, կարող են ազդել, եթե դրանք մնան չբացահայտված, սակայն մեր բոլոր վերլուծությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների վերաբերյալ նման մտահոգությունների տեղիք դեռևս չեն տալիս: Հասարակության գնահատականը հասկանալի է, հնչեղություն ստացած ցանկացած հանցագործության վերաբերյալ միշտ գնահատականները զգացմունքային են: Սակայն, մենք էլ մեր հերթին պարզաբանում ենք, որ իրավիճակը մտահոգիչ չէ, որ Հայաստանի իմիջին սպառնա: ԱՄՆ-ի նման երկիրը քրեական վիճակագրության ցուցանիշներում ամենասարսափելի հորիզոնականներում է գտնվում: Այս տիպի հանցագործությունները՝ փողոցում կրակոցները, հանրային վայրերում կրակոցները անգամ նման ժողովրդավար երկրներում են տեղի ունենում բազմաթիվ մարդկային կորուստներով: Բարեբախտաբար մեր մոտ նման երևույթներ չկան:

Վերնիսաժում տեղի ունեցածը նոր երևույթ էր, շատ հանդուգն արարք, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակներով կատարված սպանություն էր և օրենքը դրա համար նախատեսում է խիստ պատիժ: Դա հանդուգն հանցագործություն էր, մանրակրկիտ պլանավորված, իսկ մենք այդ մասին արդեն տեղեկություններ ունենք: Ե՛վ ոստիկանության, և՛ քննչական մարմինների կատարած աշխատանքի արդյունքները շուտով տեսանելի կլինեն:

-Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ, վերջրես նաև Երևանի էրեբունի վարչական շրջանում վնասազերծման դեպք գրանցվեց, կրակոցների շարքը, արդյոք սրանք արտառոց դեպքեր չե՞ն, նոր «ավանդույթ» չէ Երևանում և ձեռագիր չի փոխվում այս ոլորտում:

-Խորթ երևույթներ են երևանցու համար: Անվտանգության բավականին բարձր մակարդակ ունեցող Երևանում նման երևույթները շատ տհաճ տպավորություն են թողնում, անհանգստությունը հասկանալի է: Բայց ոստիկանությանը հաջողվեց վնասազերծել իրավախախտին և փրկել մարդկային կյանք: Հավատացնում եմ, նրա կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, և ցանկացած պահի այդ աղջիկը կարող էր սպանվել:

-Բայց, դեռևս ուժի կիրառման համաչափության հարցը քննարկվում է, հարուցվել է քրեական գործ:

-Այո, քննարկվում է: Թող ստուգեն և համոզվեն, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում: Սրա մեջ ոչ մի վատ բան չկա: Մենք մեր տեղեկություններով, միանշանակ եզրահանգման ենք եկել, որ այդ բռնարարքը չեզոքացնելու միակ ձևը նրա ուղղությամբ կրակ արձակելն էր ձգտելով վնասը հասցնել նվազագույնի: Դա հանգամանքների բերումով չստացվեց, բայց ոստիկանությունը կյանքից զրկելու նպատակ չուներ, բայց խնդիր ուներ կյանք փրկելու: Ոստիկանությունը ադեկվատ էր իրավիճակին, այլ խնդիր է, որ նման հնչեղություն ստացած հանցագործությունները մնան չբացահայտված, այդտեղ կարող են հարցեր առաջանալ: Մենք առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման հարցում ունենք փայլուն ցուցանիշներ:

-Պարոն Քոչարյան, կա՞ն տվյալներ, համեմատականներ այլ երկրների և նախորդ տարիների ցուցանիշների հետ , թե քանի դեպք է գրանցվել, որքանն են բացահայտվել, աճի միտում կա՞, թե՞ հակառակը:

- 2016 թվականին սպանության 58 դեպք է գրանցվել, 2017թ. այդ թիվը նվազել է 21-ով: Այս տարի գրանցված 37 սպանության դեպքից բացահայտվել է 26-ը կամ 70,3 տոկոսը: Սպանության դեպքերը կազմում են ընդհանուր հանցագործությունների 0,3%-ը, ինչը շատ փոքր ցուցանիշ է: Առանձնապես ծանր հանցագործություններից 125 դեպք է արձանագրվել մինչ այս պահը: 2016 թվականի 145 դեպքի համեմատ այդ դեպքերը նվազել են 24-ով, բացահայտվել է 103 դեպք, այսինքն՝ 82,9%-ը: Գրանցված ընդհանուր հանցագործությունների կազմում առանձնապես ծանր հանցագործությունները կազմում են 1% և այդ թիվը տարիներ շարունակ չի փոխվում: Միջին եվրոպական չափանիշը 100 հազար բնակչի թվով 1 տոկոսից ավել է, մենք տվյալներով անվտանգության ցուցանիշներով մի փոքր զիջում ենք Տաջիկստանին, բոլոր հանրապետություններից առաջ ենք:

Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Հասարակությունն իրավունք ունի ոստիկանությանը հարցեր ուղղելու, բայց տագնապելը, ոստիկանությունը կազմաքանդելու մասին խոսելը, անգործության մեջ մեղադրելը հուզական գնահատականներ են: