Աժ ճեպազրույցներում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երեւանի «Վերնիսաժում» կրակոցներին մարդիկ են խառնված, որոնք մոտ են կանգնած ՀՀԿ-ին եւ Լոռու ՀՀԿ-ական գործող մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Նիկոլ Փաշինյանին պատասխանել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ասել էր, թե նման արտահայտությունները միանգամայն անտեղի են: «Կուսակցության՝ որպես քրեականների կամ հանցագործների հավաքատեղիի մասին խոսելու փորձերը հեռու են քաղաքական մշակույթից», ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը փաստացի չի հերքում այդ հանգամանքը՝ որ ՀՀԿ-ն քրեականների ու հանցագործների հավաքատեղի է: Ընդամենն ասում է, որ այդ մասին խոսելը հեռու է քաղաքական մշակույթից: Այսինքն՝ այդպես է, բայց մի խոսեք՝ դա է նրա պատկերացմամբ քաղաքական մշակույթը:

Իրավիճակն այնքան ակնառու է, որ Վահրամ Բաղդասարյանը չէր կարող օրը ցերեկով հերքել: ՀՀԿ-ի՝ հավաքական ու անհատական մակարդակով գործունեությունն ընդգրկում է քրեական օրենսգրքի բոլոր գլուխներն ու հոդվածները՝ ընտրությունը կեղծելու միջոցով իշխանության յուրացումից մինչեւ համակարգային կոռուպցիա, թրաֆիքինգից մինչեւ գրպանահատություն: Ընդ որում, համապատասխան փաստերն արձանագրված են ոչ միայն տարբեր բնույթի պաշտոնական փաստաթղթերում ու ԶԼՄ-ներում, այլեւ ՀՀԿ-ականների խոստովանություններում:

ՀՀԿ-ն վաղուց դարձել է կրիմինալի քաղաքական ցուցանակն ու պետական-քաղաքական մարմիններին դրա սերտաճման միջոցը: Ներկայում այս գործընթացը հասել է իր պիկին եւ դրսեւորվում է անթաքույց:

Վահրամ Բաղդասարյանն էլ ազնվորեն արձանագրել է այս իրավիճակը: Սերտաճման գործընթացի ավարտին իշխանության ներկայացուցիչներն արդեն ոչինչ չեն թաքցնում: