Hraparak.am _ ը գրում է ՝

Ինչպես որ բոլորովին զարմանալի չէր, կառավարությունը փայլուն ցուցանիշներ ներկայացրեց մեկ տարվա գործունեության վերաբերյալ: Հրապարակած զեկույցում տնտեսական արդյունքներն են, որոնք խոսում են հայաստանյան թվային փայլուն իրականության մասին: Վարչապետն էլ ոգեւորվել է, թե տարածաշրջանում ամենալավ ցուցանիշները մենք ունենք: Մենք կասեինք՝ ունենք տարածաշրջանում հավասարը չունեցող նկարիչներ:

Կառավարության հրապարակած ցուցանիշները Հայաստանի երկու իրականության մասին խոսեցին. տնտեսական ցուցանիշները ներկայացնում են կառավարության երազած Հայաստանը, սոցիալական ցուցանիշները՝ գոյություն ունեցող իրական Հայաստանը:

Մասնավորապես, ունենք տնտեսական ակտիվության, արդյունաբերական արտադրանքի ծավալների, ծառայությունների, արտաքին առեւտրաշրջանառության, արտահանման, ներմուծման կտրուկ աճ՝ 6-25.8 տոկոս:

Տնտեսական ցուցանիշները, ինչպես տեսնում ենք, փայլուն են: Զարգացումն էլ պոզով-պոչո՞վ է լինում: Ո՞ր երկիրը չի հպարտանա կես տարում 13 տոկոս արդյունաբերության, 12 տոկոս առեւտրաշրջանառության, 21 տոկոս արտահանման աճ ունենալով:
Սրանք կառավարության երազած թվերն են տարվա առաջին կեսի համար:

Բայց երբ կողքի դրված մյուս ցուցանիշներն ենք նայում, որոնց շուրջ կառավարության հաշվետվությունը լռում է, պարզ են դառնում մի շարք բաներ: Ունենք գործազրկության 19 տոկոս, ինչը մեկ տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները, ունենք 106 հազար նպաստառու, ինչը հավասար է նախորդ տարվա ցուցանիշներին: Ունենք կենսաթոշակի միջին չափի նվազում՝ 40.422-ից դարձել է 40.293 դրամ:

Հիմա՝ ամենահետաքրքիր անկումների մասին։

Եթե նախորդ տարվա առաջին 5 ամիսներին 3.5 հազար մարդով էր պակասել մշտական բնակչության թիվը, այս տարվա առաջին երեք ամիսներին՝ 6 հազար 200 մարդով, ծնունդների թիվը պակասել է 1300-ով, մահերի թիվն ավելացել է 700-ով, ամուսնությունների թիվը պակասել է 500-ով, ամուսնալուծությունների թիվը շատացել է 200-ով: Եվ, վերջապես․ եթե 2016-ի առաջին կիսամյակում բնական հավելաճը 4 հազար 133 մարդ էր, այժմ՝ 1673-ով պակաս:

Այժմ թող հանրապետության լավագույն մասնագետը պատասխանի, թե այդ ինչպես է հնարավոր, որ բոլոր տնտեսական ցուցանիշներն աճեն, սոցիալականները՝ նվազեն, չէ՞ որ մեկի աճը պետք է բերեր մյուսի աճին: Եթե տնտեսական զարգացման նախարարն ասում է, որ ոչ մի կառավարություն նման ցուցանիշ չի ապահովել, ապա ինչպե՞ս է պատահել, որ ամենալավ ցուցանիշն ապահոված կառավարությունից կրկնակի փախուստ է գրանցվում:
Բոլոր թվերը ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ մեր կյանքը վատացել է:
Կառավարությունը մեկնաբանում է, որ դեռ մի որոշ հատված չի զգա տնտեսության աճը, մինչեւ այդ աճը մշտական կդառնա: Այսինքն՝ նշում է, որ տնտեսության աճը շարունակում է զգալ, տեսնել ու վայելել միայն մի որոշ մասը: Մյուս մասը երբեք էլ չի զգացել:
Կառավարությունը պատասխան չունի. բժիշկն իր գործը փայլուն կատարեց, բայց հիվանդը մահացավ:

Նորիկ Մխիթարյանն ամեն տարվա հունվարի 15-ի կողմերը գնում է Ղազախստան՝ խոպան, դեկտեմբերի 15-ի կողմերը հետ գալիս: Ընտանիքին տեսնում է տարին մեկ ամիս: Շատերն են այդպես գնում-գալիս, հատկապես իրենց հայրենի Սարուխան գյուղից: 2016-ի դեկտեմբերին երբ եկավ, հիացած էր վարչապետով, չնայած որեւէ դրական բան չէր տեսել: Հունվարի 15-ին չգնաց՝ մտածելով, որ վարչապետը լավ ազդակներ է տալիս: Մնաց, որ բնակարանների եվրոհարդարումը Հայաստանում անի: Հերիք է, ինչքան ղազախները վայելեցին իր արածը:

Համագյուղացիների եւ բարեկամների մի մասը, սովորականի պես, Ամանորը նշեց ու գնաց՝ Նորիկի ոգեւորությանը պատասխանելով՝ «միամիտ էշ»: Նորիկի բախտից շինարարությունը 10 տոկոս անկում գրանցեց: Ամբողջ տնտեսական ցուցանիշներից միայն շինարարությունն ու գյուղատնտեսությունն անկում ապրեցին՝ մեկը Նորիկի բախտից, մյուսն էլ՝ Կարենի, որ 45 հատ հորթ առավ, բայց հիմա վաճառում է, որովհետեւ երաշտի պատճառով խոտ չկա:

Նորիկը հիասթափվեց վարչապետից, բայց արդեն ուշ էր: Գործն արդեն վերցրել էին, Ղազախստան այս տարի չկանչեցին: Խնայողություն չարած Նորիկը պարտքով է ապրում: Մենք կարող ենք, որպես մխիթարանք, նրան տալ կառավարության 25-էջանոց բարի հաշվետվությունը: Բայց նա լավագույն դեպքում այդ թղթի կտորները զուգարանում է դնելու:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ խաբել մարդկանց, ինչո՞ւ չներկայացնել հենց այն թվերը, որոնք էականորեն կապ ունեն յուրաքանչյուր քաղաքացու հետ: Այդ թվերը տնտեսական աճը զգացողներին պետք չեն, նրանք զգում են՝ առանց որեւէ տոկոս իմանալու:
«Աշխատելով կառավարությունում` բախվում ես իրականությանը»,- ասում է վարչապետը: Փաստորեն, թվային իրականությունն իմանալու համար բոլորս էլ ինչ-որ պահի պետք է հայտնվենք կառավարությունում:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=156144&l=am/