Ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 50-ամյա կնոջ և նրա 52-ամյա ամուսնու վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարանի վճռով` ամբաստանյալ ամուսինները մեղավոր են ճանաչվել իրենց դստերը ծեծելու մեջ: Ամուսինները դատապարտվել են հիսուն հազար դրամ տուգանքի, իսկ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ինչ է ապացուցված համարել դատարանը

Քննության արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ Արմավիրի մարզում ամուսինները բնակվել են իրենց դստեր հետ: Տեղեկանալով, որ դուստրը սիրահարվել է իրենց մյուս դստեր ամուսնուն, ամուսինները նրան արգելել են գնալ վերջինիս տուն: Դեպքի օրը, երբ հայրը տանից դուրս է եկել` աշխատանքի գնալու, դուստրը ցանկացել է գնալ քրոջ ամուսնու տուն, սակայն մայրն արգելել է նրան, և նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ մայրը վառարանի երկաթյա ձողով 4-5 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել դստեր մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ: Վիճաբանության ձայներ լսելով` հայրը վերադարձել է տուն և տեղեկանալով, որ դուստրը ցանկանում է գնալ մյուս դստեր ամուսնու տուն, զայրացել է ու վառարանի երկաթյա ձողով դիտավորությամբ 3-4 անգամ հարվածներ է հասցրել դստեր մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

Ինչ ցուցմունք են տվել ամբաստանյալ ամուսինները

Ըստ դատական ակտի` 50-ամյա կինը ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տեղեկանալով, որ իր դուստրը սիրահարվել է իր մյուս դստեր ամուսնուն, արգելել է նրան վերջինիս տուն գնալ: Դեպքի օրն ամուսինը տանից դուրս է եկել աշխատանքի գնալու համար, որից հետո դուստրը ցանկացել է գնալ քրոջ տուն, իսկ ինքը թույլ չի տվել, ինչից իրենց միջև վիճաբանություն է սկսվել: Զայրանալով՝ վառարանի երկաթյա ձողով 4-5 անգամ հարվածել է դստեր մարմնի տարբեր մասերին: Այդ պահին տուն է վերադարձել ամուսինը և տեղեկանալով, որ դուստրը ցանկացել է գնալ մյուս դստեր տուն, նույնպես զայրացել է ու վառարանի երկաթյա ձողով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո նա գնացել է աշխատանքի:

ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել նաև 52-ամյա տղամարդը: Ըստ դատական ակտի` նա ցուցմունք է տվել այն մասին, որ տեղեկանալով, որ իր դուստրը սիրահարվել է մյուս դստեր ամուսնուն` արգելել է նրան վերջինիս տուն գնալ: Դեպքի օրը, երբ ինքը տանից դուրս է եկել աշխատանքի գնալու համար, վիճաբանության ձայներ է լսել, ու վերադառնալով տուն, կնոջից տեղեկացել է, որ դուստրը ցանկանում է գնալ քրոջ տուն, ինչից զայրանալով՝ վառարանի երկաթյա ձողով 4-5 անգամ հարվածել է դստեր մարմնի տարբեր մասերին:

Ինչ ցուցմունք է տվել տուժող դուստրը

Գործով տուժողը` ամբաստանյալների դուստրը, ցուցմունք է տվել այն մասին, որ մոտ երեք տարի առաջ սիրահարվել է քրոջ ամուսնուն, ինչի մասին տեղեկացել են նաև ծնողները և արգելել են իրեն գնալ քրոջ տուն: Դեպքի օրը տանից դուրս գալու պատճառով վիճաբանել է մոր հետ, բարկացրել նրան, և այդ ժամանակ մայրը վառարանի երկաթյա ձողով 5 անգամ հարվածել է իր մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ տուն է մտել հայրը և նույն երկաթյա ձողով ևս 3 անգամ հարվածել է իրեն, ինչից ինքը ստացել է մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:

Ըստ դատական ակտի` տուժող աղջիկը հայտնել է, որ բողոքում է ծնողների դեմ և ցանկանում է, որ նրանք պատժվեն:

Տուժող աղջկա քույրը, ով հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ըստ դատական ակտի՝ ցուցմունք է տվել, որ իր քույրն ինտիմ կապ է ունեցել իր ամուսնու հետ, և ծնողներն այդ մասին տեղեկանալով՝ նրան արգելել են իր տուն գալ: Հետագայում մորից տեղեկացել է, որ քրոջը դաստիարակելու համար մի երկու ապտակ է տվել: