«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ Մուշեղ Ղազարյանը, որը հայտնի է իր արկածներով, մեր տեղեկություններով, կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան։ Ռուսաստանյան մի բուհի, կարծեմ՝ Տիրասպոլի փաստաթուղթ է ձեռք բերել, ապա դրա հիման վրա միանգամից նստել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրս։

Ուշագրավ է, որ 1-ին կրթության փաստը նշված չէ նրա կենսագրականում, որը զետեղված է ԱԻՆ պաշտոնական կայքում, նշված է միայն ԵՊՀ իրավաբանի մասնագիտությունը, սակայն նա պետք է դրանից առաջ որեւէ բուհ ավարտած լիներ՝ բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու համար։ Ղազարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1996-98 թթ. ՊՆ կարգապահության պետն է եղել, ինչը, փաստորեն, անօրինական է, քանի որ բաժնի պետի պաշտոնի համար պարտադիր բարձրագույն կրթություն է պահանջվում։

Բացի այդ, եթե 2-րդ դիպլոմի հիմքում առաջին կրթության կեղծ վկայական է դրված, ապա 2-րդ կրթությունն էլ է առոչինչ ճանաչվում։ Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցինք նրա կրթությամբ, թե ինչու կենսագրության մեջ չկա 1-ին կրթությունը, եւ ինչպես է վարչության պետի պաշտոն զբաղեցրել՝ առանց բարձրագույն կրթության։ Նա հեգնեց․ «Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ»։ Որտե՞ղ է բարձրագույն կրթություն ստացել։ Ասաց, որ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում