Հայաստանը 2018 թվականի գարուն է մտնելու առանց հայ-թուրքական սին արձանագրությունների։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթում: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

«Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այներկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործված ձեւակերպումներից»,- ասել է նախագահն ու հավելել. «Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարեւոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, եւ մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ եւ պաշտպանել այդ նախաձեռնությունը»:

Ըստ Սարգսյանի, Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: «Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից»,- նշել է նախագահը:

Նա ընդգծել է, թե այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայությանպայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարեւան պետություններ պարտավոր են հիմնել եւ վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջեւ հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով»,- ասել է ՀՀ նախագահը: