Lragir.am-ը գրում է.

Համաշխարհային մամուլը հազիվ թե հիշեր Հայաստան-սփյուռք համաժողովի մասին, եթե չլիներ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը:
Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Ղարաբաղի համար սպառնալիք չներկայացնող տարածքների վերադարձը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է Ինտերֆաքսը: Նալբանդյանը նշել է, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, որ բանակցությունները չխափանվեն:
Նալբանդյանը սա ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայն է ղարաբաղյան կարգավորման առաջարկված սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային զիջումներին: Հայ նախարարը հիշեցրել է նաեւ կարգավորման բոլոր սկզբունքների հետ կողմերի համաձայնության անհրաժեշտության մասին եւ մանրամասն նկարագրել է Հայաստանի դիրքորոշումը: Նա նշել է, որ Հայաստանը սկզբունքներին համաձայն է միայն Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում: Ինտերֆաքսն ու մյուս լրատվամիջոցները, սակայն, տեքստից ընդգծել են միայն տարածքային զիջումների պատրաստակամության մասին հայտարարությունը:
Ինչու՞ է ռուսական մամուլն այդքան եռանդով տարածում Նալբանդյանի հայտարարությունը, որն ավելի շատ նման է նրան, որ նախարարը պարզապես փորձել է խուսափել սադրիչ հարցից: Հարցը տրվել էր այն հաշվարկով, որ Նալբանդյանը «կբռնվի՞»:
Ադրբեջանական մամուլը հայտարարությունը ներկայացրել է որպես սենսացիա, իհարկե, առանց կոնտեքստի: Չնայած կոնտեքստ կարող էր ծառայել ոչ միայն Նալբանդյանի խոսքը, այլ նաեւ նրա ղարաբաղյան գործընկեր Կարեն Միրզոյանինը: Հարցին, թե Հայաստանի ու Արցախի միջեւ տարաձայնություններ կա՞ն տարածքների հարցում, նախարարը նշել է, որ ամեն երկիր շարժվում է իր մայր օրենքով՝ Սահմանադրությամբ: Ղարաբաղի Սահմանադրության համաձայն, բոլոր տարածքները ԼՂՀ անքակտելի մաս են, ասել է Կարեն Միրզոյանը:
Այլ խոսքով, Ղարաբաղը մտադիր չէ տարածքներ հանձնել: Նալբանդյանն էլ, ըստ ամենայնի, պատրա՞ստ չէ դրան: Այդ դեպքում ինչու՞ է ռուսական մամուլը ուռճացրել գրեթե ոչինչ չնշանակող հայտարարությունը:
«Սենսացիան» տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեային Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի մասնակցության ֆոնին: Ոչ ոք չի հաստատում, որ նրանք կհանդիպեն, չնայած հայտարարվել է, որ հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:
Ռուսական մամուլն այս հայտարարությունը սենսացիա է ներկայացնում, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում զիջումների մասին խոսելն անմտություն է, առավել եւս, Ադրբեջանի դիրքորոշման կոշտացման ֆոնին: Պատերազմից հետո Հայաստանը դադարել է խոսել զիջումների մասին, սակայն որոշ ժամանակ անց նորից սկսել է Ղարաբաղի ճանաչումը կապել պատերազմը վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքների հետ: Նալբանդյանը նաեւ ասել է, որ ռազմական արկածախնդրությունների դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղը եւ կդադարեցնի բանակցությունները:
Ստացվում է, որ բանակցում ենք ոչ թե Ղարաբաղի կարգավիճակը ներկայիս սահմաններում ամրապնդելու, այլ պատերազմի վերսկսում թույլ չտալու համար: Պատերազմի վերսկսում թույլ չտալու համար մենք պատրաստ ենք անգամ ինչ-որ բան զիջել՝ մի քիչ տարածք, մի քիչ կարգավիճակ:
Այս մոտեցումն Ադրբեջանին թույլ է տալիս ռազմական շանտաժն օգտագործել, որ պարտադրի Հայաստանին ասել իր գինը: Իզուր չէ, որ Ալիեւի Նյու Յորք մեկնելուց առաջ Ադրբեջանում միանգամից երկու զորավարժություն է սկսվել՝ իր զինված ուժերի եւ Թուրքիայի հետ համատեղ վարժանքներ:
Հայաստանը երկար ժամանակ «տրվել» է այդ շանտաժին՝ չնայած թե Նալբանդյանը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պնդում են, որ Հայաստանը պատերազմում հաղթանակի համար բոլոր միջոցներն ունի: Սակայն կարծես թե ոմանց ձեռնտու է Նյու Յորքում հանդիպումից առաջ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնել որպես զիջողական:
Եթե, ինչպես պնդում է հայկական կողմը, նախարարները Նյու Յորքում քննարկելու են շփման գծին հրադադարի մեխանիզմների ամրապնդումը, ապա Նալբանդյանի հայտարարությունը ոչ միայն աբսուրդ է, այլ հնարավոր է նաեւ երրորդ կողմի սադրանք, որը շահագրգռված է օրակարգի փոխոխությամբ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am