Hraparak.am-ը գրում է.

Սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր. «Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։ Էրեբունիում իրար հետ մեծացած երբեմնի ընկերները մի քիչ տաքացել են, հետո էլ սկսել են վիճաբանել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։ Դեպքից հետո Խանզրադյանը որդուն փախցրել է քաղաքից՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներ։ Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների՝ ոստիկանության աշխատակիցն Արշակի հետ փորձել է հարթել կատարվածը, հանդիպել եւ առաջարկել է որդիներին հաշտեցնել, սակայն Արշակն անդրդվելի է մնացել ու պնդել է, որ իր տղան չի կարող «սխալ» լինել։ Այս օրերին լարված մթնոլորտ է Էրեբունու գողականների շրջանում, ամեն պահի սպասվում է, որ առճակատումը կշարունակվի»։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թերթի կրպակները բացվում են առավոտյան ժամը 8-ին, իսկ ՀՀ ոստիկանությունում աշխատանքի են գալիս ժամը 9-ին ու մինչև սուրճ են խմում դառնում է 10-ը, ապա կարելի է ասել, որ մեր այդ հրապարակումը իրավապահների միջնաբերդի հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի աչքով է ընկել «գդե-տը» 10-ից հետո: Ճշգրիտ ժամը չենք կարող նշել, որովհետև տեղեկություն չունենք, թե ինչ հերթականությամբ է խոսնակը բացում օրվա թերթերը: Ամեն դեպքում` ժամը ուղիղ 11:30-ին մեր հրապարակման այսպես կոչված «Պարզաբանումն» արդեն տեղադրված էր police.am-ի ամենատեսանելի բաժնում: Հիրավի նախանձելի օպերատիվություն:

Ի՞նչ էին պարզաբանել: Ոչինչ: Մեր հրապարակման հետ կապված ոչինչ չէին պարզաբանել, ուղղակի հայտարարել էին, որ «ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկատվությունը»: Եթե դա էին ուզում ասել, հենց այդքանով էլ, թերևս, կարող էին սահմանափակվել: Մենք էլ կգրեինք, որ ՀՀ ոստիկանությունը անդրադարձել է մեր հրապարակման ու հերքել մեր տեղեկությունը:

Մեր իրավապահները, սակայն, «շուխուր» շատ են սիրում: Ահավասիկ իրենց «Պարզաբանում»-ով «քլնգել» են մեր մի քանի տողանոց հրապարակումը, ասես այդ երկտողանի հրապարակման մեջ մենք խոսել էինք ոստիկանությունում չեղած-չլսված բաների մասին: Ի վերջո պատմություն կա, չէ՞: Հիշեք թե քանի անգամ են ոստիկանները (այդ թվում և բարձրաստիճան), խառնված եղել զանազան աղմկահարույց պատմությունների մեջ, քանի՞ այդպիսի ոստիկան է հանվել համազգեստի միջից: Գորիսից մինչև Գյումրի, Գյումրիից մինչև Վանաձոր, Ալավերդի, Սևանի ավազան, Երևան ու էլի մինչև Գորիս: Աշխարհագրությունը լայն է, բավականին ճոխ է նաև ուսադիրների զանազանությունը: Այս ամենի մասին մեր հասարակությունը բավականաչափ տեղեկացված է, և նրա համար, ինչու ոչ, նաև ոստիկանության համար, շատ արտառոց չպետք է լիներ սեպտեմբերի 19-ի մեր հրապարակումը, որտեղ խոսք է գնում բարձրաստիճան ոստիկանների զավակների միջև ծագած վեճի, ծեծկռտուքի ու դրա հնարավոր զարգացումների մասին:

Մի բան միայն չենք հասկանում` ի՞նչ իմաստ ուներ ինկվիզիցիայի օրենքներով լրատվամիջոցին «բանադրելը»: Մենք, պարզվում է, բարձրաստիճան ոստիկանների անունները տալով, խարխլել ենք այդ ուժային կառույցի հանդեպ եղած «հանրային վստահությունը», գործել «ՀՀ ոստիկանության համակարգի դեմ», մինչդեռ ոստիկանությանը վարկաբեկողը ոչ թե մենք ենք, այլ իրենք՝ իրենց աշխատաոճով հանդերձ: Նման բան, երևի, Ֆելիքս Էդմունդովիչի մտքով էլ չանցներ, բայց մեր Ոստիկանությունն, ինչպես տեսնում ենք, բավականին ջղագրգիռ է:

Ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ ԱԺ ընտրություններից հետո «Հրապարակը» պարբերաբար անդրադառնում էր Ալավերդիում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին ու ոստիկանության պատասխան գործողություններից ենթադրում, որ այդ ամենը շարունակություն է ունենալու: Եվ դարձյալ ճակատագրի բերումով ՀՀ ոստիկանությունը «Հրապարակից» տեղեկացավ, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, մարդ է սպանվել ու դա Ալավերդու իրադարձությունների երևանյան շարունակությունն է: Բա հիմա ի՞նչ անենք: Հազար ու մի բան կոծկող Ոստիկանությունը մեզ քննադատում է բացահայտ սուտ տարածելու համար, մեր հրապարակումը գնահատում որպես «ժողովրդավարական հասարակությանը հարիր լրատվամիջոցին պատվազրկող ակտ»:

ՀՀ ոստիկանության հասարակության կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս ամենը կազմակերպելուց հետո էլ չի բավարարվել ու մի հատ էլ ֆեյսբուքյան գրառում է կատարել «Հրապարակի» ու նրա գլխավոր խմբագրի դեմ, որն իրավամբ կարելի է դասել ֆեյսբուքյան «խեղճ խոսնակներ» շարքի լավագույն ստեղծագործությունների թվին: Ահա մի հատված նրա մտքի փայլատակումից.

«Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ։ Օրեր առաջ «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը մեծ աղմուկ բարձրացրեց, որ սոցիալական ցանցում փակ խմբի անդամները «հանդգնել» են իրենց թերթից խոսել, ու նույնիսկ խմբի անդամներից մեկից կամ մի քանիսից առաջարկ է եղել՝ սեւ ցուցակ գցել թերթի լրագրողներին եւ միայն գրավոր հարցերին պատասխանել։ Ոչինչ, որ խմբագիրը հրապարակել էր մարդկանց փակ խմբի խոսքն ու զրույցը։ Ոչինչ, որ գրավոր հարցման պահանջը հիշատակվել էր զուտ նրա համար, որ լրագրողը բանավոր շփման ժամանակ ոտնատակ էր տվել լրագրողական էթիկայի նորմերը։ Այդ ամենը ոչինչ էր, կարեւորը ազատ խոսքի համընդհանուր սկզբունքն էր։ Ինչպիսի հարված դասականին։ Ամբողջ աղմուկի մեխը սեւ ցուցակն էր․ ինչպես կարելի է, 21-րդ դարում ժողովրդավարության հիմքերին որպիսի հարված։ Բանը հասել էր նրան, որ արդեն իրենց վճարած հարկերն էին հետ պահանջում։ Մի խոսքով, կարծես թե կարելի էր հասկանալ խմբագրի՝ ազատ խոսքի սկզբունքի համար կուրծք ծեծելու մոտեցումը։ Բայց այդ աղմուկ-աղաղակից ընդամենը մի քանի օր անց Արմինե Օհանյանը սոցիալական ցանցում մի գրառում էր արել, ինչի տակ փորձեցի շատ անմեղ մեկնաբանություն գրել, որի մեջ մի քանի իրավական ակտ էի մեջբերել։ Ազատ խոսքի ջատագովը նախ ջնջեց մեկնաբանությունս, հետո, որն առավել սարսափելի էր, ջնջեց իմ երկրորդ եւ երրորդ մեկնաբանությունները։ Բայց սարսափելին դեռ առջեւում էր։ Պարզվեց՝ ազատ, անկախ մամուլի պատասխանատուն, օգտվելով սոցիալական ցանցի տեխնիկական հնարավորությունից, ինձ սեւ ցուցակ գցեց։ Սեւ ցուցակ։ Ազատ խոսքն ու այլակարծությունը դրոշակ դարձրած, թերթի խմբագրականում այդ սկզբունքները արդեն խմորեղենի բաղադրատոմսի վերածած խմբագիրը չհանդուրժեց իր կարծիքից տարբերվող կարծիք։ Նա սեւ ցուցակ գցեց գերատեսչության լրատվության պատասխանատուին, որի հետ պիտի պարբերաբար շփվեր։ Չնայած ճիշտ էլ արեց, ինչին է պետք լրատվականի պատասխանատուն, եթե նա իր թերթում զետեղում է նյութերը առանց ճշգրտման, առանց մյուս կողմի տեսակետը ճշտելու։ Եւ հետո, թերթի խմբագիրը ինչու պիտի շփվի շարքային խոսնակի կամ լրատվության վարչության պետի հետ։ Իրոք որ, շատ հաճախ մեր իրականության բացերից մեկը չինովնիկամոլությունն է։ Հիմա ինչ, զարմանա՞մ, թե հարկատուների հաշվին աշխատավարձ ստացողները դրանից էլ են զուրկ, հարգելի Արմինե Օհանյան»:

Րաֆֆու ռոմանտիզմը կխամրի Ահարոնյանի այդ գրառման կողքին: Ինչպիսի~ հարված դասականին... Ինչ կապ ունի այստեղ խոսքի ազատությունը: Ահարոնյանն, ըստ երևույթին, թերթի խմբագրին շփոթել է յուր ղեկավարության հետ, որի մի չգրված առաքելությունն էլ, լրագրողների վրա «նայեզդ» անելով, թերթերի բերանը փակելն է: Ահարոնյանի այս շփոթմունքի (թե՞ զարմանքի) պատճառը Արմինե Օհանյանի «սև ցուցակում» հայտնվելն է: Հիրավի շփոթվելու կամ զարմանալու հիմնավոր պատճառ` խոսնակը խմբագրի «սև ցուցակում»: Ում պատմես` չի հավատա. «Նա սև ցուցակ գցեց գերատեսչության լրատվության պատասխանատուին, որի հետ պիտի պարբերաբար շփվեր»: Հավելեմ` վախ, վախ, վախ…

Ի՞նչ ասեմ: Խոսքը ընդամենը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջի մասին է, որ տալիս է մարդուն «սև ցուցակ» գցելու բոլոր հնարավորությունները, նաև լայն հնարավորություններ է տալիս այդ մարդուն, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, «սև ցուցակից» հանելու: Նույնն է, թե մեկը քեզ չհրավիրի, բայց դու իր տուն գնաս:

Այնպես որ, ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ, Աշոտ Ահարոնյան, «սեւ ցուցակ» մտնելուց նեղվելու փոխարեն գուցե վերանայեիք ձեր պահելաձեւը, որպեսզի մարդիկ ցանկություն ունենային ձեզ հետ շփվելու, ձեր «սֆաթը» կամ ստատուսները իրենց պատին տեսնելու: Պետք է պարզապես մի բանի շուրջ պայմանավորվել` ամեն մեկս անում ենք մեր գործը: Այլապես թերթին սովորեցնում եք` ինչ գրել, ինչպես գրել, ինչու գրել, խմբագրին կոչ անում` չպայքարել խոսքի ազատության դեմ: Մի գերազանցեք ձեր լիազորությունների շրջանակը, չինովնիկություն մի արեք, և ամեն ինչ լավ կլինի:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am