Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնը լեփ-լեցուն էր։ Անկախության 26-րդ տարեդարձը այստեղ էր բերել քաղաքական ողջ էլիտային՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի։

Եռաբլուր զինվորական պանթեոնում էին նաեւ մի շարք կանայք, որոնք ցանկացած առիթ բաց չեն թողնում՝ հանդիպելու այս կամ այն պաշտոնյային, նրանից գումար կամ օգնություն խնդրելու։ Այս օրն էլ բացառություն չէր։ Տիկնանցից մի քանիսը գոռում էին, աղմուկ բարձրացնում, որ գոնե մեկը իրենց ուշադրություն դարձներ, սակայն ապարդյուն, մեկն էլ վարչապետից 46 հազար դրամ գումար խնդրեց՝ անվասայլակ գնելու համար, ինչին Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դուք ամեն անգամ ինձանից գումար եք ուզում»։

Տեսնելով վարչապետին՝ ՀՀԿ տատիկը գոռաց. «Տատին մատաղ քո սիրուն տեսքին»։
Դրանից հետո նա մոտեցավ Կարեն Կարապետյանին եւ նրա համար ասմունքեց։ Նույն բանաստեղծությունը ՀՀԿ-ի տատիկը ասմունքեց նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, տեսնելով նրան, «փախուստի դիմեց», որպեսզի տատիկը իրեն նոր ոտանավոր չձոնի։

Մի կին էլ աղջկա հետ օգնություն էր խնդրում Սերժ Սարգսյանից՝ նշելով, որ իր տունը խլել են, իրենք մնացել են դրսում, ինչին Սերժ Սարգսյանը չարձագանքեց։

Տիկնայք էլ սկսեցին աղմուկ բարձրացնել. «Պարոն նախագա՛հ, մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր… խուժաննե՛ր։ Սենց անտեր, անտիրական մայր ու աղջիկ, ժողովուրդ կանգնեք մեր կողքին, հայ ժողովուրդ, ղեկավարություն չկա»։

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում։