«Պոբեդա» լոուքոսթերի օդանավն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով, այս մասին ՌԲԿ-ին հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։

Օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Գյումրի չվերթը, վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում, ասել է նա։

Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր այն մասին, որ օդանավերը արտահերթ վայրէջք կկատարեն, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։ «Քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախացել են՝ մենք որոշում ենք կայացրել խստացնել ծխող ուղեւորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղեւորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում»,- ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալմիկովը։

Նա շեշտել է, որ այն ուղեւորին, որի մեղքով օդանավը ստիպված կլինի վայրէջք կատարել, օդանավից դուրս կբերեն ոստիկանության աշխատակիցները, իսկ վայրէջքի համար բոլոր ծախսերը կգանձեն իրավախախտից։