Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը կարծում է, որ թեեւ անկախությունն ուրախություն է, մեզ պակասում է անկախ պետության քաղաքացի լինելու գիտակցումը։ Նա մեջբերում է Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը՝ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից, եւ ավելացնում, որ անկախության մասին խոսելիս առաջին հերթին պետք է հիշել զինվորներին։

«Պետությունը, ժողովուրդը, բանակը առանձին հասկացություններ չեն։ Դրանց միասնությունն է ապահովում անկախությունը։ Նշանակություն չունի՝ զինվորը սահմանին է, թե՝ ոչ։ Այն պահից, երբ կրում է համազգեստը, արժանի է հարգանքի», - նշում է Հայկը։

Հարցին, թե որեւէ բան փոխվե՞լ է Ապրիլյան պատերազմից հետո, Հայկը պատասխանում է, որ իրեն ավելի պատասխանատու է զգում երկրի, պետության առաջ։

«Մինչ քառօրյա պատերազմը կյանքի իմաստի մասին այնքան էլ չէի մտածում, բայց դրանից հետո սկսեցի շատ խորհել այդ մասին։ Հասկացա, որ այն ամենաթանկ բանն է, եւ նշանակություն չունի՝ քոնն է, թե դիմացինինը», -ասում է Հայկ Թորոսյանը։

2015 թվականի օգոստոսին մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած Դավիթ Սարգսյանի համար անկախությունն այն է, երբ մարդն ազատ է իր արարքների, որոշումների մեջ։

«Պետք է ունենաս գործելու ազատություն, բայց նաեւ չմոռանաս պատասխանատվության մասին։ Իսկ այն, որ մեզ ճանաչում են որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի, արդեն հպարտության առիթ է», - ասում է Դավիթը։

Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրեյ Վարդումյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացուն պակասում է ապահով կյանքը, իսկ մնացած առումներով, Հայաստանը ամենալավ տեղն է։ Ըստ նրա, եթե ապրելու պայմանները փոքր-ինչ լավանան, ոչ ոք չի ուզենա լքել հայրենիքը։

Անդրեյը քառօրյա պատերազմից հետո նկատում է զինվորների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։ Ասում է, որ մինչ այդ դեպքերը զինվորներին այնքան էլ ուշադրություն չէին դարձնում։ Իսկ հիմա անվճար են սպասարկում, ամենուր ջերմ վերաբերմունքի արժանացնում։

Նշենք, որ ՀՀ անկախության օրը ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում միջոցառում էր կազմակերպվել մարտական գործողությունների հետեւանքով բուժում ստացող վիրավոր տղաների համար։ Զինվորներին շնորհավորելու էին եկել հասարակական, մշակութային անվանի գործիչներ: