Լոռու մարզում նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել. 14-ամյա տղան ընկել է տրակտորի խցիկից եւ տեղում մահացել: Այս տեղեկությունը հաստատեցին Ուռուի գյուղապետարանից:

Դեպքը տեղի է ունեցել գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ: Մահացած տղան սովորում էր Ստեփանավանի քոլեջում:

Ոստիկանության փոխանցմամբ էլ, սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վահագն Սարգսյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ «T-40» մակնիշի տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետեւանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած երիտասարդն ընկել է տրակտորի հետեւի անիվի տակ եւ տեղում մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում: