Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը այժմ էլ վերականգնողական բուժում է ստանում «Միքայելյան» վիրաբուժության կենտրոնում:

1,5 տարի հիվանդանոցներում անցկացրած Ավետիսը դեռեւս քայլել չի կարողանում, նույնիսկ ինքնուրույն հենակներով տեղաշարժվել չի կարող, քանի որ մատները չի շարժում:

«Հստակ չի, թե ինչքան պարապմունքից հետո կկարողանա Ավետիսը մատները շարժել, քայլել, վիրահատություններ էլ ունի, բայց այս վիճակում չեն անի»,- NEWS.am-ին ասաց Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

Նշենք, որ Ավետիսը 3 ամիս Մոսկվայում վերականգնողական բուժում է ստացել:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից 2016թ. ապրիլի 4-ին ստացել էր համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: Դեպքից հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան: