«Բելաջոյի» մոտ տրոյելբուսի վթարի ժամանակ վարորդը ղեկին չի եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով, ընթացքի ժամանակ տրոլեյբուսի պոզերը (շտանգաներ) պոկվել են, վարորդն իջել է, որ դրանք տեղը դնի ու այդ ժամանակ կարճ միացման նման մի բան է եղել, որ հնարավոր չի եղել պոզերը տեղաշարժել. «Մեքենան փորձել է մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից եւ կարողանա շարունակել իր աշխատանքը: Այդ ընթացքում, որպեսզի կարողանա մեքենան առաջ տանել, ձեռքի արգելակը, որ մինչ այդ կանգնացրած է եղել, ըստ իր վարկածի, իջեցրել է, որ կարողանա առաջ տալ: Էդ իջեցնելու պահին, քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութության պատճառով, մեքենան սկսել է շարժվել: Էլ վարորդը չի հասցրել նստի ղեկին, որ արգելակի»:

«Այս պահի դրությամբ ունենք 7 վիրավոր, որոնք թեթեւակի քերծվածքներ ունեն, ծանր վնասվածքներ չունենք: Վիրավորներից երկուսը Նոր Նորքի հիվանդանոցում են, մնացածը՝ թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում: Վարորդը չի տուժել, հիմա էլ այստեղ է»,-ասաց Նավասարդյանը:

Հատկանշական է, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից NEWS.am-ին հայտնել են, որ այս պահին իրենց մոտ գտնվող 6 տուժածներից 2-ի վիճակը ծանր է, նրանցից մեկն ունի գանգուղեղային վնասվածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Նախնական տվյալներով կա 7 տուժած: