Գավառում ու հարակից գյուղերում գիշերվանից տեղացած ձյունը կարող է մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանն ու բնությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը տեղեկացրեց, որ բերքահավաքը մարզում դեռ նոր է սկսվել:

Գյուղացին հասցրել էր հողից հանել կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը, իսկ միրգը դեռ ամբողջությամբ ծառերի վրա է:

Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել. «Նախ գարունը ուշացավ, հետո երկարատեւ երաշտ էր, շատ վատ եղանակի պատճառով էլ աշնանը գրեթե աշնանացան չարեցինք, հիմա էլ ձյունը»,- նշեց վարչության պետը:

Նրա խոսքով, ձյունն առատորեն տեղացել է հատկապես Գավառում ու Հայրավանք-Երանոս գյուղերի միջակայքում գտնվող համայնքներում: Ձյան ծանրությունից մեծ թվով պտղատու ծառեր են ջարդվել:

Այն, որ անակնկալ ձյունը վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, արդեն իսկ փաստ է: Թե որքան կլինի վնասի չափը, կախված կլինի առաջիկայում ու հատկապես այս գիշեր գրանցվելիք ջերմաստիճանից. «Եթե սառնամանիք լինի, ջերմաստիճանն իջնի մինչեւ երեք-չորս աստիճան, կարող է ցրտահարվել կարտոֆիլը»,- ասաց Համբարձումյանը:

Առկա իրավիճակի մասին մարզի ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են նաեւ ՀՀ գյուղանտեսության նախարարությանը: Թե մարզում, թե նախարարությունում այժմ սպասողական վիճակում են. «Վաղը մյուս օրը նոր միայն հնարավոր կլինի խոսել կրած վնասի հստակ չափի մասին»: