Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ոլորտում պետք է իրականացնել մեծածավալ աշխատանքներ. կենցաղից մինչեւ բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ ոտնձգությունները պայմանավորված են հենց գիտելիքների թերի լինելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին համացանցում հայտնված լուսանկարներին, որտեղ Շենավանի գյուղապետն ու երկու այլ անձ լուսանկարվել էին «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ:

«Եթե մարդիկ գիտակցեին, որ սպիտակագլուխ անգղն այն եզակի կենդանիներից է եւ կարեւորագույն արժեքներից մեկն է Հայաստանում, կարծում եմ՝ այդ մարդկանց մի մասն այդ քայլին չէր գնա»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ոստիկանությունն արդեն հրապարակել է տեղեկատվություն այս դեպքի վերաբերյալ: Ըստ ոստիկանության՝ պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան եւ Յ. Պողոսյան: Ստուգումներով պարզվել է նաեւ, որ նկարներում երեւացող մեքենայի համարանիշը 2013թ. օգոստոսի 2-ին հանձնվել է, եւ այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երեւացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:

«Հետեւաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: