«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ:

Ալիեւը դժգոհություն է հայտնել Եվրոպայից Ադրբեջանին չաջակցելու եւ հակառակը՝ Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար՝ ղարաբաղյան խնդրում: Ալիեւը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի խորհրդին անդամակցում էին Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հույսով, սակայն այդ հույսերը չեն արդարացել: Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը կարծես թե վերադառնում է բանակցության, եւ դա կարեւոր է»: Ալիեւը հայտարարել է նաեւ, որ, եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ապա դա ոչինչ չի փոխի Ադրբեջանի կյանքում: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդից դուրս գալու տրամադրությունն Ադրբեջանի պաշտոնական տրամադրությունը չէ, այլ հանրության մեջ, ԶԼՄ-ներում առկա մտորումներ: Սակայն նա նշել է, թե ամեն իշխանություն պետք է հաշվի առնի հանրային կարծիքը:

Ինչ խոսք, հանրային կարծիքը հաշվի առնելու մասով Ալիեւի հայտարարությունը ինքնին զավեշտալի է, սակայն միեւնույն ժամանակ հասկանալի է, որ այստեղ բանը հանրային կարծիքը չէ, այլ նրա շանտաժը, որի գործիք է դառնում կամ ներկայացվում այդ կարծիքը: Իրականում Ալիեւը հանդես է գալիս Եվրամիությանն ուղղված պարզ շանտաժով՝ կապված Ղարաբաղյան խնդրում Եվրոպայի մոտեցումների հետ՝ եթե ճնշում չգործադրվի հայերի վրա, ապա Ադրբեջանը դուրս կգա Եվրոպայի խորհրդից: Այդ շանտաժը հատկանշական է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ, որին Ալիեւը կարծես թե տվել է իր մասնակցությունը, եւ դրա մասին է վկայում հայտարարությունը, թե «Հայաստանը կարծես թե վերադառնում է բանակցության»:

Այդ հանդիպումից առաջ Եվրամիության հանդեպ շանտաժը կարծես թե խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ կապված առանձնակի հույսեր Ալիեւն այս փուլում չունի: Այլապես ինչո՞ւ պետք է շանտաժեր Եվրամիությանը, եթե Ռուսաստանի օգնությամբ այսպես թե այնպես կարող էր առաջընթաց ապահովել իր ակնկալիքներում: Չէ՞ որ դիմելով այդօրինակ շանտաժի՝ Ալիեւը Եվրամիության հետ հարաբերությունում գնում է փաստացի վա բանկ:

Մյուս կողմից՝ օրերս Ալիեւը ընդունել էր ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւին, որն էլ Բաքու էր այցելել Անկարայում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո: Արդյոք Պատրուշեւի այդ այցը Ալիեւին ոգի՞ է տվել Եվրամիության հետ շանտաժի լեզվով խոսելու համար, թե՞ հակառակը՝ Ալիեւին հասցրել է հուսահատության, եւ նա որոշել է, որ այլեւս չունի կորցնելու բան, եւ անցել է Եվրամիությանը շանտաժին:

Ալիեւի այդ հայտարարությունների ֆոնին առավել քան ակնհայտ է դառնում նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կարեւորությունը, եւ չի բացառվում անգամ, որ Ադրբեջանն իր շանտաժով փորձում է լուծել հենց այդ համաձայնագիրը տապալելու հարց՝ Եվրամիությանը դժգոհելով Հայաստանի հանդեպ, այսպես ասած, անհավասար վերաբերմունքից եւ «սադրելով» իրավիճակ, երբ Բաքվին չկորցնելու մտահոգությամբ Բրյուսելը կփորձի արգելակել Երեւանի հետ հարաբերության խորացումը առնվազն շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով: Եվրոպայի պատվիրակության հետ Ալիեւի այդօրինակ խոսակցությունը մի կողմից՝ հուշում է, որ նա իսկապես համակողմանի ցայտնոտի մեջ է, մյուս կողմից, սակայն, առաջացնում է, իհարկե, որոշակի ռիսկեր, քանի որ կորցնելու ոչինչ չունեցող Ալիեւը կարող է թերեւս դառնալ առանց քարտեզի «ականապատված դաշտ»:

Մյուս կողմից՝ Երեւանը կարծես թե օժանդակում է նրան, այսպես ասած, վերջնականապես անկյուն չմղվելու եւ դեմքը պահելու խնդրին՝ համաձայնելով, այսպես ասած, բանակցությունը վերսկսելուն եւ դրանով որոշակիորեն լիցքաթափելով իրավիճակը: Իհարկե, ակնհայտ է նաեւ, որ ստանալով այդ հնարավորությունը՝ Ալիեւը փորձում է նաեւ ստանալ ավելին՝ շանտաժով:

Եվրամիության պատվիրակությունը Բաքվից ժամանել է Երեւան: Իսկ այսօր Երեւանում խորհրդարանում կվավերացվի հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Արցախի պաշտպանության նախարարն էլ նախօրեին ընդունել էր Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահին: Երեւանն ըստ ամենայնի մտադիր չէ Ալիեւին տալ ավելին, քան դեմքը փրկելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում