Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը խորհրդի անդամներին է ներկայացրել շրջանառության դրված օրենսդրական առաջարկները՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում եւ ծառայողական քննության անցկացման կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ զինվորական ծառայության ընթացքում եւ զինված ուժերից արձակվելուց հետո զինծառայողներին բնակարանով ապահովելու, նրանց ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու խնդիրները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը. (նախատեսվում է, օրինակ, ներդնել կուտակային հիփոթեքային համակարգ, իրականացվում է ծրագիր՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող եւ անօթեւան ճանաչված անձանց բնակարանով ապահովելու նպատակով):