«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է եւ հանդիսանում է Մոնումենտի անտառի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականացվում է ձեր կողմից»,- վարչապետին հասցեագրված իր հրապարակային հարցման նախաբանում նշել էր Զարուհի Փոստանջյանը, ապա Կարեն Կարապետյանին հասցեագրել էր մի շարք կոնկրետ հարցեր` երազե՞լ է վերջինս հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին եւ հանրային տարածքում` Մոնումենտի անտառում ունենալ դղյակ-ամրոց, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում, եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի եւ գույքի նրա տարեկան հարկը, ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում եւ ի՞նչ հիմունքներով, որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականացվող այդ ծառայությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի հրապարակած բաց նամակը հասարակական լայն հնչեղություն էր ստացել` հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանին ներկայացվում են, ըստ էության, կոռուպցիոն մեղադրանքներ, որոնք, մեղմ ասած, հարիր չեն «նոր ոգու» նրա կերպարին, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների այն խոստումներին, որոնք հնչեցվում են վարչապետի եւ նրա շրջապատի կողմից:

Նախօրեին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները եւ, ըստ էության, հաստատել է, որ Մոնումենտի այգում կառուցվող դղյակը կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մամուլի քարտուղարը, իհարկե, արձանագրում է, որ նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, որը 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք: Սակայն ենթադրում ենք, որ այս պարագայում գործ ունենք հայկական քրեաօլիգարխիային բնորոշ ձեռագրի հետ, երբ, ինչպես մի առիթով նշել էր Սերժ Սարգսյանը, ամեն բան «թղթով նորմալ» է: Այսինքն՝ ենթադրում ենք, որ կառուցվող դղյակն իրականում պատկանում է հենց Կարապետյանին, պարզապես ձեւակերպված է եղբոր անունով: Հակառակ պարագայում` չէր հետեւի վարչապետի գրասենյակի նման օպերատիվ արձագանքը Զարուհի Փոստանջյանի նամակին կամ էլ` տարածքը չէր հսկվի ոստիկանության կողմից: Հատկապես վերջին հանգամանքն ակնհայտ բացահայտում է դղյակի «Էլիտար» պատկանելիությունը:

Մոնումենտի այգին բարբարոսաբար ոչնչացնելն ու այնտեղ դղյակներ կառուցելը Հայաստանի վերնախավի հոռի արժեհամարգի դրսեւորումներից մեկն է: Արժեհամարգ, որի հիմքում գռեհիկ ուժի, զոռբայության եւ անճաշակության դրսեւորումն է:

Մոնումենտի այգում դղյակ ունի նաեւ Հովիկ Աբրահամյանը, որին հակադրվում էր Կարեն Կարապետյանը` իր «նոր ոգով»: Կարեն Կարապետյանի դղյակի «բացահայտումը» նույն քաղաքական, բարոյական հարթության վրա է դնում նրան ու Հովիկ Աբրահամյանին` «նոր ոգու» մասին խոսակցությունները դարձնելով էժանագին PR: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանն ավելի անկեղծ է եղել` իր դղյակը նշելով իր ակտիվում եւ չթաքնվելով եղբոր անվան տակ:

Մոնումենտի այգին վերածվել է Հայաստանի իշխանության էլիտայի կոռուպցիոն գործունեության «բաց թանգարանի»: Այստեղ վեր խոյացող դղյակները Հայաստանի իշխանության կոռումպացվածության խոսուն դրսեւորումն են: Կարեն Կարապետյանն այդ կոռումպացված «էլիտայի» առանցքային դեմքերից, նույնիսկ խորհրդանիշներից մեկն է: «Հին» ու «նոր ոգիները» համերաշխ հարեւանություն են հաստատում Մոնումենտի այգում` կոռուպցիայի, բեսպրեդելի ընդհանուր ցուցանակի ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում