«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը ծավալվել է «ռուսամետ-արեւամետ» հարթության մեջ։ Այսինքն՝ խոսքը նրա մասին չէ, թե որքանով օգուտ կամ վնաս կբերի այդ օրենքի ընդունումը, այլ՝ ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարից են օրենքի կողմնակիցները ու հակառակորդները։ Առաջինները խոսում են «պուտինյան Ռուսաստանի» դավերից կամ Հայաստանում ՌԴ դեսպանատան «հավաքագրված զանգվածից», երկրորդները՝ «Արեւմուտքի պարտադրանքից», «Գեյրոպայի այլասերվածությունից» եւ այլն։

Հնարավոր չէ համոզել երկու կողմերին, որ նրանք սխալվում են, եւ պետք է քննարկել բուն օրենքի նախագիծը եւ ոչ թե նրանց, ովքեր կանգնած են կամ կանգնած չեն դրա հետեւում։

Ինձ թվում է՝ եթե մարդը, ներեցեք, «քյարթու» է եւ խավարամիտ, եթե նա կարծում է, որ կանանց եւ երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա այստեղ Պուտինը կամ Կրիվոպուսկովը որեւէ մեղք չունեն։ Եվ հակառակը՝ եթե մարդը կարծում է, որ ընտանեկան բռնությունների զոհերի համար պետք է հավելյալ հնարավորություն ստեղծվի պաշտպանվելու, իրենց նկատմամբ կատարած հանցագործության մասին բարձրաձայնելու, այդ համոզմունքի ձեւավորմանը բացարձակապես չեն մասնակցել Թրամփն ու Մակրոնը։

Կարելի է մինչեւ ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին եւ դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը եւ լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ ... Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում