Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին 20-ամյա տաքսու վարորդի սպանության գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Գործով մեղադրյալ Վարդան Հովսեփյանը մեղսունակ է ճանաչվել:

NEWS.am-ի տեղեկություններով, պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է նաեւ դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն մերժվել է: Գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն հնարավոր է, որ մոտ ապագայում այն ավարտվի:

Նշենք, որ այս գործով օրերս հանրային պաշտպան է ներգրավվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 25-ամյա Վարդան Հովսեփյանը։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։