«Երեւան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երեւան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով:

Տոնական շնչով ձեւավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից եւ, անցնելով Մաշտոցի պողոտայով, հասել է մինչեւ Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը:

Երեւանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու եւ տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների եւ «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երեւանցիների հիացական հայացքների եւ ոգեւորող բացականչությունների ներքո։