Հայաստանի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում ներառվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Օրակարգում ընդգրկված հարցը ունի հետեւյալ անվանումը. «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է, իսկ հարակից զեկուցողը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նախ վեճ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Գեղամյանը հերքել է, թե հարվածէլ է Փաշինյանին՝ նշելով. «Եթե ես բռունցքներով հարվածեի որեւէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»: Ավելի ուշ նա ընդունել էր, որ եղել է միջադեպ: «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել էր, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը: