Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ երկրի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ:

Նա, անդրադառնալով Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ու արտաքին քաղաքականությանը, նշել է հետեւյալը.

«Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են եւ հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները: Ազատ, անկախ եւ հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաեւ համայն հայության ապագան:

Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ:

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել:

Ծավալուն աշխատանք է սպասվում նաեւ արտաքին քաղաքական այլ ասպարեզներում:

Անհրաժեշտ կլինի նոր որակ հաղորդել մեր հանրապետության ճանաչման, արտաքին աշխարհին ճանաչելի դառնալու, ինչպես նաեւ տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ համագործակցության հաստատման ու խորացման գործընթացներին: Այստեղ ամենավերջին զարգացումներից է Արցախի Հանրապետության անկախության փաստացի ճանաչումը ԱՄՆ Միչիգան նահանգի կողմից, ինչը համարում ենք կարեւոր ձեռքբերում:

Մոտ ժամանակահատվածում կիրականացվեն մի շարք կարեւոր ծրագրեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ մեր խորհրդակցության ավարտից անմիջապես հետո իմ գլխավորած պատվիրակությունը կմեկնի արտերկիր, որտեղ կանցկացվեն մի շարք կարեւոր միջոցառումներ՝ ուղղված տարբեր սուբյեկտների հետ համագործակցության հաստատմանն ու խորացմանը:

Արտաքին ասպարեզում աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նաեւ մեր արտաքին քաղաքականության վարման տեսլականից:

Մեզ ի սկզբանե հաջողվել է արտաքին քաղաքականությունը կառուցել հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքներին համապատասխան, եւ ապագայում եւս դրանք անվերապահորեն ուղենիշ կհանդիսանան մեր երկրի համար: Այս համատեքստում կշարունակենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային պետությունների հետ:

Նման քաղաքականությունը պայմանավորված է նաեւ հայկական սփյուռքի առկայությամբ, եւ մեր քայլերով պետք է միմիայն նպաստենք այդ ներուժի ամրապնդմանը: Մենք կշարունակենք ըստ ամենայնի ընդլայնել եւ խորացնել կապերը սփյուռքի տարբեր գաղթօջախների հետ:

Խոսելով այս հարցի մասին՝ ուզում եմ նշել, որ որակապես նոր լիցք պետք է հաղորդել սփյուռքի արցախյան հատվածի հետ փոխգործակցությանը, որտեղ ունենք անելիքների լայն դաշտ, հատկապես՝ նրանց խիտ բնակեցման վայրերում: Այստեղ հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական, մշակութային, գիտակրթական, մարդասիրական հարցերին:

Ընդհանուր առմամբ, արտաքին ասպարեզում քաղաքականություն վարելիս հարաբերությունների հաստատումն ու զարգացումը երբեւիցե չենք պայմանավորելու Արցախի Հանրապետության ճանաչմամբ: Նման դիրքորոշումը միանշանակ կբարդացնի ճանաչումը եւ կխոչընդոտի փոխշահավետ համագործակցության հաստատումը»: