«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մայրաքաղաքի որոշ դպրոցների եւ բուհերի սաներ մի քանի ժամ դասերին ներկա գտնվելուց հետո ուղարկվեցին տներ: Պատճառը՝ սպասվող քամին էր, որն, ըստ էության, բնավ Երեւանի համար չէր կանխատեսվել: Այսպես, հոկտեմբերի 15–ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, եւ հնարավոր էր ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:

Սակայն ինչպես «Փաստին» հայտնեցին երեւանաբնակ աշակերտների ու ուսանողների ծնողներ, իրենց երեխաներին դպրոցներից տուն են ուղարկել՝ նշելով, թե Երեւանում մեծ փոթորիկ է սպասվում: Հասկանում եք, մարդկանց առանց որեւէ հիմնավոր պատճառի ասում են, թե փոթորիկ է լինելու: Փոթորիկ, որն իրականում պարզապես ուժեղ քամի, անձրեւ ու ամպրոպ պիտի լիներ:

Կրթության եւ գիտության նախարարությունը նման ահազանգերից ու լրագրողների զանգերից հետո իր կայքում հաղորդագրություն տարածեց, որով զգուշացնում էր հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին եւ շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը:

Արդյունքում, դպրոցների տնօրինությունները որոշել են երեխաներին տուն ուղարկել՝ բաց թողած ժամերը հետագայում լրացնելու վստահեցմամբ: Ասել է թե՝ պահը լավագույնս օգտագործել են: Ի՞նչ կա ավելի լավ, քան թե «ահագնացող» փոթորիկի պատճառով աշխատանքից խուսափելը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում