Վերջին շրջանում բանավեճ է ծավալվել մանրածախ մսի թանկացման եւ դրա հավանական պատճառի՝ տնային անասունների արտահանման շուրջ:

Խոսքը տավարի եւ ոչխարի մսի մասին է, որոնց ապրանքային պաշարները (ի տարբերություն խոզի մսի) գործնականում ամբողջությամբ կամ դրա զգալի մասով ստեղծվում են տեղական արտադրության հաշվին: Սեփական մսի թանկացումից բացի, խնդիրը մեկ այլ ասպեկտ էլ ունի: Մսամթերք արտադրողներից շատերը նաեւ մտահոգված են տնային անասունի անվերահսկելի արտահանմամբ: Նրանք պնդում են, որ տեղական արտադրության մսի թանկացումը կհանգեցնի դրանից արտադրվող արտադրանքի թանկացման:

Մինչդեռ տեղական հումքից բարձրորակ մսամթերք է արտադրվում: Ներմուծվող գոմշամիսը որպես հումք է օգտագործվում համեմատաբար էժան մսամթերքի արտադրության մեջ, որոնք բարձր որակով աչքի չեն ընկնում: Եթե բարձորակ մսամթերքի մանրածախ գներն աճեն, ապա գնորդների պահանջարկի մի մասը կուղղվի դեպի վատորակ արտադրանքը: Այս տեսակետից, մսի արտահանումը ձեռնտու է միայն այսպիսի արտադրանք արտադրողներին:

Հայաստանում գործում է ներքին շուկայի պաշտպանության օրենք: Սակայն առաջին տողերից ակնհայտ է, որ խոսքը միայն ներմուծման մասին է: Իհարկե, այստեղ եւս լուրջ խնդիրներ կան: Օրինակ՝ Թուրքիայից մոտ 700 ապրանքախումբ է ներմուծվում, իսկ այդ երկիր մեր արտահանումը ընդամենը 12 անուն ապրանք է:

Առաջին կիսամյակում Թուրքիայից ապրանքների ներմուծման ծավալը գերազանցել է 290 մլն դոլարի նշաձողը: Մինչդեռ նույն ժամանակահատվածում այդ երկիր մեր արտահանումը չի հասել անգամ 0,6 մլն դոլարին, որի կեսից ավելին բաժին է ընկել տնային անասունի չմշակված մորթուն: Այնուհետեւ՝ արդեն մշակված մորթին, ինչպես նաեւ դրանցից պատրաստված իրերը մեր ձեռնարկատերերը Հայաստան են ներմուծում: Արդեն շատ տարիներ է սա գործում՝ առանց իրավիճակի կարգավորման որեւէ հույսի: Պատկերավոր ասած՝ առեւտրականների «մորթյա» շահերը գերազանցել են հայրենական տնտեսության շահերին:

Ինչպես հայտնի է, գոյություն ունեն արտաքին առեւտրի կարգավորման ոչ սակագնային մեթոդներ: Օրինակ՝ արտահանման քվոտա, որի գործառույթներից մեկն է ներքին շուկայի շահերի պաշտպանությունը: Սրա մեջ ոչ մի արտակարգ բան չկա: Ներկայացնենք ԵՏՄ երկրներից ընդամենը մեկ օրինակ: Ուղիղ մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահը երկրի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կազմակերպելիս պետք է հաշվի առնել երկրի ներքին շուկայի շահերը:

Վերեւում նշվածը վորաբերում է ոչ միայն մսին: Տարեցտարի հայտարարություններ են հնչում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ռեկորդների վերաբերյալ: Մի կողմից սա վատ չէ: Եթե գյուղացիներին վճարում են նրանց ձեռնտու գներով: Սակայն, ինչպես մսի դեպքում, առկա է նաեւ բացասական կողմը: Հասկանալի է, որ պաշարների կրճատմամբ պայմանավորված պտուղ-բանջարեղենի գնաճն առաջին հերթին կհարվածի բնակչության անապահով խավին:

Իհարկե, հարկ է միայն ողջունել հայրենական արտահանման աճն ու դիվերսիֆիկացիան: Բացառությամբ դեպքերի, երբ դրա վնասն ավելի մեծ է, քան օգուտը:

Նյութի աղբյուրը` News.am