Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում բանտում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Վահե Ավանեսյանը։ Հավելելով, որ Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին։

Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանվորներից մեկը։ Մեծ ներդրումներ է կատարել Լեռնային Ղարաբաղում։ 

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:

Հայրապետյանն ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում էր նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանն առողջական ծանր վիճակում էր հայտնվել, ի աջակցություն Հայրապետյանի՝ բազում միջոցառումներ են իրականացվել, ստեղծվել էր «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» ֆեյսբուքյան էջ։

Լևոն Հայրապետյանը դեռ տարիներ առաջ ցանկություն էր հայտնել իր հայրենի Արցախում ռազմական ինստիտուտ հիմնել՝ Արցախի և Հայաստանի համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստել, խոսվում էր նաև, որ հնարավորություն կտրվի մեր տարածաշրջանի ազգային փոքրամասնություններին այնտեղ ռազմական գիտելիքներ ձեռք բերել: Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը։ 2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։