Կառավարության այսօրվա` հոկտեմբերի 19-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ճանապարհային երթեւեկության ընթացքում առաջացող խցանումներին։

«Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական եւ գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման եւ նվազ նշանակության իրավախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ:

Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելող տույժերը վերացվել են, մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախզգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ:

Միաժամանակ փաստ է, որ աշխատանքային օրերին Երեւան քաղաքում առկա են խցանումներ, երթեեւեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են եւ պահանջում են լուծումներ: Մասնավորապաես խնդիրներ են առաջանում նաեւ ուղեւորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով:

Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին եւ առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին՝ երկուամսյա ժամկետում ուսումնասիրել Երեւան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեեւկության կազմակերպման եւ հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Նա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին եւ ոստիկանության պետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը եւ առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ: