Ախալքալաքում հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նոր սկանդալ է հասունացել: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հայազգի երեք թեկնածուներին՝ Էդիկ Բերիկյանին, Կարապետ Ալոյանին եւ Էդուարդ Էլյազյանին, մեղադրել է Սահմանադրությունը խախտելու եւ հայկական անձնագով փորձելով ընտրություններին մասնակցելու մեջ:

Հայազգի երեք թեկնածուներն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը: NEWS.am-ի հետ զրույցում թեկնածուներից Էդիկ Բերիկյանը հայտարարեց, որ մրցակից կուսակցության հայտարարությունն իրականությունը չի համապատասխանում, ինքը Վրաստանի քաղաքացի է միայն եւ Սահմանադրությամբ իրավունք ունի առաջադրվելու եւ մասնակցելու ընտրություններին:

«Ասեկոսե է ընդամենը, մենք արդեն դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նրանց ներկայացրած փաստաթղթերն ընդամենը նկարչություն է, որը կարելի է համակարգչով պատրաստել կես ժամում, ոչինչ չեն ներկայացնում այդ փաստաթղթերը: Ես Վրաստանի քաղաքացի եմ եւ համապատասխան Սահմանադրությամբ իրավունք ունեմ մասնակցելու ընտրություններին»,- ասաց Էդիկ Բերիկյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքապետերի ընտրություններ: Ախալքալաքում եւ Նինոծմինդայում հայ թեկնածուներ նույնպես կան: