168.am-ը գրում է

Հայտնի բան է՝ ոչ չափից դուրս բարձր գնաճն է տնտեսության համար լավ, ոչ էլ չափից դուրս ցածրը, կամ, առավել ևս` գնանկումը։ Կենտրոնական բանկը, որի՝ Սահմանադրությամբ ամրագրված գլխավոր գործառույթը հենց գների կայունության ապահովումն է, փորձում է այնպես անել, որ գնաճը լինի 4 ՞1.5%-ի սահմաններում։

Այսինքն՝ առավելագույնը՝ 5.5%, նվազագույնը՝ 2.5%։ Ու եթե, օրինակ, 2010, 2011 թվականներին ԿԲ-ն ջանում էր 7%-ից բարձր գնաճը զսպել ու վերադարձնել թույլատրելի միջակայք, ապա վերջին շրջանում նույն բանը փորձում է անել «ներքևից»՝ դուրս գալ գնանկման ու ցածր գնաճի ժամանակահատվածից։ Հիշեցնենք, որ 2016 թվականին սպառողական գներն անկում են ապրել միջինը 1.4%-ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում գնաճն ընդամենը 0.5% է, 2017 թվականի հունվար-սեպտեմբերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.6%։

Առաջին հայացքից՝ 0.6%-ը սպառողի տեսանկյունից տանելի գնաճ է։ Սակայն դա այնքան էլ միանշանակ չէ. նայած՝ ում համար։ Բանն այն է, որ սպառողական գներն ընդհանուր առմամբ աճել են 0.6%-ով, սակայն, այդ թվում՝ սննդամթերքը թանկացել է 3.8%-ով (հունվար-սեպտեմբերի արդյունքներով)։ 2.9%-ով էլ թանկացել են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը։ Գնաճի ընդհանուր ցածր մակարդակն ապահովվել է հագուստի և կոշիկի, կոմունալ ծառայությունների, առողջապահական ծառայությունների հաշվին, որոնց գները, պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա համեմատ՝ նվազել են։

Սա նշանակում է, որ գների աճն առավել ցավոտ է խոցելի խմբերի համար, քանի որ նրանց ծախսերի մեջ սննդին ուղղվող ծախսերը շատ ավելի մեծ կշիռ են կազմում։ Պարզ ասած, եթե մարդն իր եկամտի 90%-ը ծախսել է սննդամթերքի վրա, ուրեմն նրա համար կյանքը թանկացել է ոչ թե՝ 0.5, այլ՝ ավելի քան 3.5%-ով։

Սակայն կա նաև մեկ այլ ցուցանիշ, որն ավելի ցցուն է դարձնում այս պատկերը։ Խոսքը վերաբերում է պարենային և սպառողական զամբյուղներին։

Նախ պարզաբանենք, որ պարենային զամբյուղը տարբեր տեսակի սննդամթերքի «հավաքածուի» արժեքն է, որով 1 մարդն օրական ստանում է 2 412.1 կկալ էներգիա։ Պարենային զամբյուղի մեջ մտնում են 11 անուն սննդային ապրանքախմբեր։ Զամբյուղի արժեքը հաշվարկվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Ավելի պարզ ասած, պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։

Իսկ սպառողական զամբյուղը, բացի ուտելիքից, ներառում է նաև այլ ապրանքներ և ծառայություններ, որոնք անհրաժեշտ են մարդուն (հագուստ, կոմունալ ծառայություններ և այլն)։ Սպառողական զամբյուղի արժեքը հաշվվում է՝ պարենային զամբյուղի արժեքը բազմապատկելով 1.77 գործակցով։

Հիմա անցնենք կոնկրետ տվյալներին։ ԱՎԾ-ն սպառողական զամբյուղի արժեքը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ամենաթարմ տվյալները վերաբերում են 2017 թվականի 2-րդ եռամսյակին (երրորդ եռամսյակի տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի վերջին)։

Այսպես, 2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։ Այսինքն՝ 1 շնչի հաշվով միայն սնվելու համար անհրաժեշտ է նվազագույնն այդքան գումար։ Իսկ սպառողական զամբյուղը նույն ժամանակահատվածում արժեցել է 59 792.5 դրամ։ Սրանք երկուսն էլ ռեկորդային ցուցանիշներ են. պարենային ու սպառողական զամբյուղների արժեքները երբեք ավելի բարձր չեն եղել։

Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ 2017 թվականի երկրորդ եռամսյակի զամբյուղների գները համեմատում ենք 2016 թվականի չորրորդ եռամսյակի հետ։ 2016-ի չորրորդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը 30 934.3 դրամ էր, իսկ սպառողական զամբյուղինը՝ 54 753.7 դրամ։ Պարենային զամբյուղի արժեքն ավելացել է 2847 դրամով, սպառողական զամբյուղինը՝ ավելի քան 5000 դրամով։

Տոկոսների վերածելու դեպքում կստացվի, որ երկու զամբյուղներն այս տարվա առաջին կիսամյակում թանկացել են 9.2%-ով։ Կամ՝ ծայրը ծայրին հասցնելը դժվարացել է 9.2%-ով։ Ուշագրավն այն է, որ պարենային զամբյուղի 9.2%-անոց թանկացումը բավականին լուրջ իրողություն է, սակայն այդ մասին գրեթե չի խոսվում. ավելի շատ ուշադրության կենտրոնում է 0.5-0.6 տոկոսանոց գնաճը։

 

Միանգամից կանխենք այն հակափաստարկը, որ պարենային զամբյուղի 9.2%-անոց աճը կարող է պայմանավորված լինել սննդամթերքի որոշ տեսակների սեզոնայնությամբ։ Իսկ ինչպե՞ս է «աշխատել» սեզոնայնության գործոնը նախորդ տարի։ 2015 թվականի 4-րդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը 30 742.2 դրամ էր, իսկ 2016-ի երկրորդ եռամսյակում՝

31 407.7 դրամ։ Այսինքն՝ անցած տարվա առաջին կիսամյակում պարենային զամբյուղը թանկացել էր ընդամենը 2.1%-ով։

Սակայն, որպեսզի համեմատականն ավելի ճշգրիտ լինի, եկեք համեմատենք պարենային զամբյուղների արժեքները՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում և 2016 թվականի երկրորդ եռամսյակում (սեզոնայնության գործոնը բացառելու համար)։ Կտեսնենք, որ պարենային զամբյուղը 1 տարվա կտրվածքով թանկացել է 7.3%-ով, ինչը նույնպես բավականին բարձր ցուցանիշ է։

Ի դեպ, հետաքրքրվողների համար բացահայտենք նաև պարենային զամբյուղի 7.3%-անոց թանկացման հիմնական «մեղավորներին»։ Պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքներից տոկոսային առումով ամենաշատ թանկացել է սոխը (59%-ով), որին հաջորդում են շաքարը (51.4%), ձուկը (24.8%) և միրգը (20.4%)։

Մի կարևոր հանգամանք էլ նշենք։ Վերջերս կտրուկ բարձրացան պարենային զամբյուղի մեջ մտնող որոշ սննդատեսակների գները։ Մասնավորապես, տավարի մսի և կարագի գները բարձրացան 20-30%-ով։ Սա նշանակում է, որ արդեն այս պահին պարենային զամբյուղի գինը գերազանցում է 36 հազար դրամը, սպառողական զամբյուղինը՝ 64 հազար դրամը։ ԱՎԾ-ն, ինչպես նշեցինք, հոկտեմբերի վերջին կհրապարակի սպառողական զամբյուղի գները 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով։ Վերջին թանկացումներն այնտեղ հավանաբար մասնակիորեն կարտացոլվեն, սակայն 4-րդ եռամսյակում զամբյուղների արժեքները զգալիորեն կավելանան։

Վերջում պարզապես հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում կենսաթոշակի միջին ամսական չափը 40.2 հազար դրամ է։ Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի պետական բյուջեն թոշակների բարձրացում չի նախատեսում։

Նյութի աղբյուրը` 168.am