Ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն: Այդ մասին Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում կարդացած դասախոսությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք վրեժի եւ կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում եւ չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն»,- ասել է նա:

Ըստ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական եւ կրոնական բնույթ չի կրում: «Մենք որեւէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել եւս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել»,- նշել է նա:

«Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջեւ խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին եւ միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին եւ իրավունքին համապատասխան»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: