Ազգային Ժողովում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծը լուծելու է բանակում կոռուպցիայի կանխումը եւ այն ավելի գրավիչ դարձնելու խնդիրները:

«Նախագծերի փիլիսոփայությունը մեկն է՝ կանխել կոռուպցիոն ռիսկերը եւ բանակը դարձնել ավելի գրավիչ: Հիմա երկու լրջագույն խնդիր կա. կանխել կոռուպցիան եւ հաստատել արդարություն, բանակը դարձնել գրավիչ, Ձեր կարծիքով այս նախագծերն այդ խնդիրները լուծելո՞ւ են»,-հարցրեց նա:

Որին նախարարը պատասխանեց. «Այո, կիսում եմ ձեր մոտեցումը, փիլիսոփայությունն առաջին հերթին բանակը սոցիալական վերելակի վերածելն է: Նրանք, ովքեր ընտրում են բանակում ծառայության հատուկ տեսակներ՝ 3 տարվա սպայական ծառայությունը , կամ կամավորական հիմունքներով ընտրում են ավելի բարդ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայությունը, արդյունքում զգալի արտոնություններ պետք է ստանան»: