Հուսով եմ, որ կգա մի օր, երբ պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա բոլորի համար՝ անկախ սեռական պատկանելիությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«Ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար անկախ սովորելու, չսովորելու փաստից, այլեւ զինվորական ծառայությունը պարտադիր է լինելու բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց սեռական պատկանելիությունից: Քանի որ ֆիզիկական պարտադրանքի ներքո պետականություն կերտող հասարակությունն ու ազգը այլ ճանապարհ չունի, միազգային փորձը դա է ապացուցում»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը չի կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ մեկ պարզ պատճառով՝ զրկված է մոբոլիզացիոն ռեզերվից. «Խոսվում է պրոֆեսիոնալ բանակի մասին, չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ մեկ պարզ պատճառով՝ մեզ զրկում ենք մոբոլիզացիոն ռեզերվից, մարդկանցից, ովքեր ծառայել են եւ պահեստազորում պատրտաստ են համալրել զինված ուժերի շարքերը»: