«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդեւի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաեւ ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի: Վկայությունը էլցանցերն էին: Սակայն Մեդվեդեւի այցի շրջանակում ներդրումների մասին խոսակցությունը առանձնահատուկ տեղ պետք է ունենար նաեւ մեկ այլ ասպեկտի շնորհիվ:

Հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդեւի հետ հանդիպմանը նա հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին, որն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավանության էր արժանացել Մեդվեդեւի մոտ: Անցել է մի քանի ամիս եւ Հայաստան է այցելել Մեդվեդեւը, բայց խոսք չկա դեռեւս հունվարին Կարեն Կարապետյանի առաջ քաշած գաղափարի մասին, որը կարծես թե արժանացել էր Մեդվեդեւի հավանությանը: Մինչդեռ, եթե հավանությունը կար, ապա պետք է որ մի քանի ամիս հետո, նաեւ օգտվելով այցի առիթից, որեւէ արդեն ավելի կոնկրետ քայլ արվեր այդ հիմնադրամի ուղղությամբ: Սակայն ոչ միայն քայլ չկա, այլ հիշատակում ընդհանրապես: Հետեւաբար, կամ Մեդվեդեւը փոշմանել է, կամ՝ նա ընդամենը տվել էր ձեւական հավանություն, առանց լուրջ մտադրությունների:

Բայց Կարեն Կարապետյանը հունվարին փորձեց այդ հանգամանքը օգտագործել իր ներքաղաքական կշիռը բարձրացնելու համար, մոսկովյան այցի միջոցով ցույց տալով, որ Ռուսաստանն իրեն ընդունում է ոչ միայն որպես մենեջեր, այլ նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարի իրական թեկնածու: Այժմ, ներդրումային համատեղ հիմնադրամի թեմայի այսպես ասած բացակայությունը փաստորեն կարող է վկայել ուղիղ հակառակը: Իհարկե չի բացառվում անգամ, որ Մեդվեդեւը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը: Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Պարզապես այդ խնդիրը Ռուսաստանի համար օրակարգային խնդիր չէ, եւ Պուտինը դեռեւս 2016 թվականի օգոստոսին Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի իշխանությանը: Դա էր նշանակում ԵՏՄ շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ի երկնիշ աճի մասին Պուտինի հայտարարությունը, ինչն այլ բան չէր, քան ազդակ, որ Ռուսաստանը Հայաստանին տվել է բավարար հնարավորություն, եւ մնացյալը կախված է Հայաստանից:

Եվ հարցը նաեւ այն չէ, որ Մոսկվայի համար չունի նշանակություն, թե ով է լինելու Հայաստանի Առաջին դեմքը 2018-ի ապրիլից հետո: Խնդիրն այն է, որ 2018-ի ապրիլից հետո Հայաստանի Առաջին դեմքը դե ֆակտո լինելու է այսպես ասած ցուցանակային, դեկորատիվ սուբյեկտ, քանի որ Հայաստանը շարունակելու է գտնվել անցումային ռեժիմում, որը կավարտվի ոչ շուտ, քան 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը: Իսկ այդ առումով էլ Պուտինը ընթացիկ տարվա մարտին ընդունելով Սերժ Սարգսյանին, հայտարարեց, թե հույս ունի, որ Հայաստանը նրա գլխավորությամբ կիրականացնի սահուն եւ բարեհաջող անցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում