Ապրիլյան պատերազմից հետո Ալաշան տեղափոխված թալիշցի դպրոցականներն արդեն երկրորդ տարին դասերն անցկացնում են նախկին հոսպիտալի շենքում: Թալիշից այստեղ են տեղափոխել դպրոցի գույքը, սենյակները հարմարեցրել դասապրոցեսին, շենքին հարակից տարածքն էլ դարձրել խաղահրապարակ (ֆոտոռեպորտաժ):

 2016թ. մարտի գարնանային արձակուրդներից հետո երեխաներն ապրիլի 1-ից դասերն անցկացնելու էին ամբողջովին վերանորոգված դպրոցում: Ուրախ էին, որ վերջապես կահավորված դասասենյակներ կունենան, նոր սեղաններ ու աթոռներ, բայց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմի պատճառով երազանքներն ու սպասելիքները ի չիք դարձան: Թալիշցի երեխաները ստիպված էին ծնողների հետ հեռանալ հարազատ գյուղից:

Այսօր արդեն այս երեխաներից մի մասի կյանքն Ալաշանում է շարունակվում: 2016թ. հուլիսից Կառավարության օժանդակությամբ այստեղ բնակվում է 46 ընտանիք, դպրոց է հաճախում 31 աշակերտ, այս ուստարում 2 առաջին դասարանցի են ունեցել, մայիսին էլ երկու շրջանավարտ կունենան: Նշենք, որ պատերազմից առաջ Թալիշն ուներ 500 մշտական բնակիչ, եւս 67-ը, մեծ մասը զինվորականներ, ժամանակավոր էին բնակվում այդ գյուղում:

«Ալաշանում 177 թալիշցի է բնակվում, պայմանները բավականին լավ են, կարելի է ասել՝ ժամանակավոր բնակության համար անհրաժեշտ պայմանները կան, կահավորված բնակարաններ են մեզ տրամադրել, էլեկտրականությունն անվճար է: Այս տարի նաեւ Ալաշանի սկզբնամասում գտնվող հողատարածքն են բաժանել թալիշցիների միջեւ, որ կարողանան հող մշակել եւ բերք ստանալ»,- ասում է գյուղապետ Յուրա Պետրոսյանը:

Թե երբ կարող են տեղափոխվել Թալիշ, ոչ ոք չգիտի: Մեզ հետ զրույցում շատերն ասում են, որ Ալաշանում իրենց շատ լավ են զգում, արդեն հարմարվել են այստեղի կյանքին:

Նշենք, որ Թալիշում այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում, օրերս սկսվել է նաեւ դպրոցի վերանորոգումը:

Նյութի աղբյուրը՝ News.am