Երեւանի Երվանդ Քոչարի փողոցում այսօր՝ հոկտեմբերի 27–ին, բենզալցակայանում եւ շինանյութի խանութում հրդեհը առաջացել է էլեկտրական սղոցի վառվելու հետեւանքով։ NEWS.am-ի հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ բենզալցակայանի հետեւի մասում գործում է բենզինային եւ էլեկտրական շարժիչների վերանորոգման արհեստանոց, եւ այսօր, երբ արհեստանոցի 3 աշխատակից էլեկտրական սղոցը վերանորոգելուց հետո դրա վրա բենզին էին քսել եւ փորձարկել, էլեկտրական սղոցը սկսել է այրվել։

Ականատեսի վկայությամբ, երբ այն սկսել է վառվել, վախից 3 աշխատակիցներն էլ այն գետնին են գցել եւ դուրս վազել, որից հետո հրդեհը տարածվել է մինչեւ հարեւանությամբ գործող բենզալցակայան։

Հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է արհեստանոցը, դրա հարեւանությամբ գտնվող շինանյութի խանութն ու բենզալցակայանը տուժել են։ Ականատեսները պատմեցին, որ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայր են հասել ահազանգից 15 րոպե անց. «Եթե 5 րոպե առաջ հասնեին, բենզալցակայանը չէր վառվի, բայց մարման աշխատանքները տեւել են 1 ժամ, ամեն ինչ արվել է, որպեսզի հարեւանությամբ գտնվող բնակելի շենք եւ այլ տարածքներ հրդեհը չտարածվի»։

Այս պահի դրությամբ հրդեհն ամբողջությամբ մարված է։ Դեպքի վայրում աշխատում են փորձագետները՝ պարզելու հրդեհի բռնկման հանգամանքները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 12։10-ի սահմանում Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում, Երվանդ Քոչարի 1/1 հասցեի բենզալցակայանում խոշոր հրդեհ է բռնկվել:

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայանում, որը վերածվել է մոխրակույտի: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: