Արմավիր քաղաքի փոխաքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը չի ցանկանում իր հանգստյան օրը փչացնել՝ պատասխանելով հրդեհված շենքի պատճառով բնակարանները կորցրած եւ դրսում հայտնված 10 ընտանիքի ճակատագրերին վերաբերող հարցերին: Հոկտեմբերի 22-ից հրդեհված շենքի բնակիչները ապրում են վրաններում, իսկ փոխքաղաքապետը բարկանում է, թե ինչու ենք համարձակվում շաբաթ օրով զանգահարել իրեն եւ «հարամել» իր քունը. «Էս շաբաթ օրով հանգստանում եմ, ինչի՞ եք զանգել»:

Փոխքաղաքապետից ընդամենը փորձեցինք ճշտել՝ հրդհեված բնակելի շենքի հասցեն, քանի որ բնակարանները կորցրած բնակիչներից ահազանգ ունեինք, որ այս ցուրտ եղանակին դրսում են ապրում կամ վրաններում, սակայն, այդպես էլ կոնկրետ պատասխան չստացանք, բացի՝ «Ինձ հարմար չէ ձեր հարցերին պատասխանել..., հա, մեր վարչական շրջանում է...» մունաթով «համեմված» դժգոհություններից: Փաստորեն, Մելիք Բաղդասարյանի համար իր շաբաթօրյա քունն ավելի կարեւոր է, քան փողոցում հայտնված 23 հոգու ճակատագիրը:

Մելիք Բաղդասարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արմավիրի քաղաքապետարանում արտահերթ նիստ է եղել, որոշվել է բնակարանները կորցրած քաղաքացիներին տրամադրել առաջին անհրաժեշության պարագաներ, նա նշել էր, որ քայլեր են ձեռնարկվում անօթեւան դարձած 10 ընտանիքի տուն տրամադրելու համար: