Հոկտեմբերի 27-ից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հովվապետական այցը ԱՄՆ-ում այնքան էլ հանգիստ չի ընթացել: «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» խմբի աջակիցները տեսանյութեր են տարածել, որտեղ երեւում է, որ նրանք բողոքի ակցիա են իրականացրել հայկական եկեղեցու դիմաց, որտեղ պատարագ էր մատուցում Ամենայն հայոց կաթողիկոս Բարեգին Բ-ն:

Բողոքի ակցիա է կազմակերպվել թե եկեղեցու բակում, թե եկեղեցու ներսում: Ակցիայի մասնակիցների ձռքին եղել են պաստառներ հետեւյալ գրառումներով. «Գորշ գայլ Գարեգին Բ», «Իմ երկիրը բռնազավթված է», «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Գարեգին Բ՝ սատանիկոս», «Ազատ, անկախ Հայաստան», Գարեգին Բ-ի նկարով պաստառների վրա գրված էր. «Իմ Աստվածը իմ փողն է» «Հոկտեմբերի 27, դավաճան ու մարդասպան»:

Նրանք կրել են շապիկներ «Ես սասնա ծուռ եմ» գրությամբ:

«Մենք բոլորս էստեղ ենք ասելու, որ մեր ժողովրդի հետ ենք եւ ազատագրելու ենք մեր երկիրն ու եկեղեցին: Մեզ պետք է միանան շատերը»,-նշել է ակցիայի մասնակիցներից Քրիստինե Հալաջյանը: Նրա խոսքով, եկեղեցու ներսում բացականչող մի կնոջ՝ Շուշանիկ Դիվանին, հայհոյել են, հարվածել ու սպառնացել, որ վիզն են կտրելու. «Իսկ ինձ ներսում մի սպասավոր սպառնաց, ասելով՝ «Իրիկունը կտեսնես, թե քո հետ ինչ է լինելու»: Այսինքն մենք գործ ունենք մաֆիայի հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 25-ին, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` հրավերով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի եւ թեմական խորհրդի:

Այս օրերին Նորին Սրբությունը նախագահել է թեմի 90-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, այցելություններ է կատարել Լոս Անջելեսի շրջանի հայկական դպրոցներ, առաջնորդարանում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ թեմի երիտասարդների, հայկական վարժարանների սաների եւ շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ:

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ է մատուցել Ս. Ղեւոնդյանց առաջնորդանիստ տաճարում:

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վեհափառ Հայրապետը մեկօրյա այցելությամբ կմեկնի Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Մեխիկոյի Մայր Տաճարում միջեկեղեցական հատուկ արարողությանը` ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը։