Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից բարձրացած աղմուկ պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետեւ լայն տպավորություն կա, որ նա խոսում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը շատ հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին: Ճիշտը կլինի, որ այդ պատճառները լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային», - նշեց Ն.Փաշինյանը։

«Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ արված էն գրառումը, որ 2000-2002 թվականների ծառայել է ՀՀ զինված ուժերում, պետք է պարզաբանվի, որ Հայաստանի հանրությունն իմանա, որ իրականում Վիգեն Սարգսյանն իր ծառայությունը անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում, որն այդ ժամանակ եղել է պաշտպանության նախարար, որպես Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: Այս առումով անպատշաճ վարքագիծ է, որ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը կամավորական ծառայության մեկնած կամավորականի պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել կամ այլ լույսի ներքո ներկայացնել։ Համենայնդեպս, Արարատ Միրզոյանը, կարծում եմ, Վիգեն Սարգսյանից եռակի քառակի անգամ ռեալ բանակային ծառայություն է անցել», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որտեղ մասնավորապես, նշել էր հետեւյալը.

«....աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության եւ պետության համար կարեւորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում եւ բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաեւ այդ աղջկա ատամները եւ հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրեւ մեծ «փիլիսոփա», իբրեւ մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ եւ խրատներ տալ մատաղ սերնդին։ Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետեւ լատինական հզոր իմաստությունը հուշում է․ - ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ»: