Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդուն երկու վիրահատության են ենթարկել՝ ստոծանու եւ որովայնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: Նա նշեց, որ դանակով վնասված է եղել Արգամ Հովիկյանի կրծքավանդակը՝ կարվել է ստոծանին եւ վիրահատվել է նրա որովայնը:

Այս պահին նա Վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պահում էր 3-ամյա երեխայի: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով: Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդն անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: