Tert.am-ը գրում է․

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2017թ–ի խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածու Մանուկ Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետության շահը պահանջում է օր առաջ կողմնորոշվել և հասարակության առաջ պատասխանատվություն ստանձնել՝ լինի գործող նախագահը, թե վարչապետը։

Նրա խոսքով` ստեղծված անորոշությունից օգուտներ քաղելու և իրենց շահերի համար երկիրը քաղաքական կատակլիզմների հորձանուտը նետելու ջատագովներ կողքից կարող են ի հայտ գալ առանց «նախազգուշացնելու»:

–2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին «Առաքելություն» կուսակցությունը մասնակցեց «Ծառուկյան» դաշինքի կազմում, Դուք էլ դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էիք 1-ին ընտրատարածքում: Այժմ ի՞նչ քաղաքական հարաբերությունների մեջ եք դաշինքի հետ, ավարտվե՞ց մայիսյան ինքնաբացարկների հայտնի պատմությունը:

–Նշված և այլ հարցերին անդրադարձ, կարծում եմ, կլինի առաջիկայում:

–2018թ. ապրիլից ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որի համաձայն ԱԺ Հանրապետական մեծամասնությունն առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Ի՞նչ գնահատական ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

–Ապագա նորընտիր վարչապետի պաշտոնավարման մեկնարկին մնացել է 6 ամսից էլ պակաս ժամանակ, սակայն խորհրդարանական մեծամասնությունը դեռևս չի կողմնորոշվել վարչապետի թեկնածության հարցում: Դա է՛լ ավելի է կասեցնում երկրի տնտեսական հեռանկարներն, ինչպես նաև առաջ է բերում քաղաքական անորոշության տևական հոսանք: Ներկայումս իշխանությունն ապրում է ժամանակաշրջան, որը շատ նման է հոկտեմբերի 27-ին նախորդած ժամանակներին. 1999թ-ին էլ կար չկիսված իշխանություն, հիմա էլ: Պետության շահը պահանջում է օր առաջ կողմնորոշվել և հասարակության առաջ պատասխանատվություն ստանձնել՝ լինի գործող նախագահը, թե վարչապետը, այլապես ստեղծված անորոշությունից օգուտներ քաղելու և իրենց շահերի համար երկիրը քաղաքական կատակլիզմների հորձանուտը նետելու ջատագովներ կողքից կարող են ի հայտ գալ առանց «նախազգուշացնելու»:

–Օրերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստ, ինչին նախորդել էին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խորհրդարանական քննարկումներ, իսկ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրում: Տնտեսական ինտեգրման ո՞ր ուղղությունն եք ավելի արդարացված համարում մեր երկրի համար:

– Եթե ԵՄ-ն պայմանականորեն նույնացնենք FORMULA 1, իսկ ԵԱՏՄ-ն՝ Մոսկվա-Դաքքար ավտոմրցույթների հետ՝ ակնհայտ է դառնում, որ հայկական «ԵՐԱԶ»-ը դրանցից որևէ մեկում լուրջ դեր ու մասնակցություն չի կարող ունենալ: Թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ ինտեգրացիան չեն կարող երաշխավորել, որ մենք կունենանք ավելի որակյալ կառավարում կամ զարգացող պետություն: Հետևաբար` հարցերի հարցը ներքաղաքական զարգացումներն են, քաղաքացու իրական քվեով քաղաքական կապիտալ ձեռք բերած, համարձակ ու արմատական բարեփոխումների տրամադրված իշխանության ձևավորումն է գլխավոր հրամայականը: Առանց ռեալ քվեով իշխանության՝ մենք միշտ գնալու ենք իրավիճակային լուծումների, իսկ արտաքին մարտահրավերների հարցում հանգելու ենք ճարահատյալ քայլերի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։