Այս տարի Սեւանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի կրճատվել են, եթե այս տեմպերով որսը շարունակվի, հիմա էլ կունենանք խեցգետնի պաշարների զրոյական վիճակ: Այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը եւ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը:

Նրանց գնահատմամբ, Սեւանա լճի ներկայիս վիճակը բավական լավ է, ջրի մակարդակը բարձրացել է, եւ հիմա հարկավոր են միջոցառումներ, որպեսզի նպաստեն ձկնապաշարների եւ խեցգետնի պաշարների ավելացմանը: Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ միայն համապատասխան ուսումնասիրությունները կատարելով եւ հասկանալով, թե որքան պաշար կա լճում, կարելի կլինի խոսել արգելանքների եւ այլ միջոցառումների մասին:

Ըստ նրա, ուսումնասիրությունները այդ ուղղությամբ սկսվել են հոկտեմբերին եւ կավարտվեն դեկտեմբերի կեսերին, այդ ժամանակ էլ պարզ կլինի եւ հնարավոր կլինի խոսել հստակ թվերով: Սակայն այժմ, մասնագետների գնահատմամբ, ոչ արդյունաբերական չափի կենդանիների քանակը Սեւանա լճում սկզբնական տվյալներով 47 % է: