Ոստիկանության աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։ Դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով եւ գրեթե 1 ժամից ավելի է պահանջվել, մինչեւ ոստիկաններն ու քննիչները կարողացել են դիերի վրայից հեռացնել հողաշերտը եւ դուրս բերել դրանք։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է նրանց ինքնությունը՝ Հրազդանի բնակիչներ 53-ամյա Սամվել Ալիխանյան եւ 56-ամյա Վարդուհի Սիմոնյան: Նրանք այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհետ կորած որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։

Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնել է, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում եւ անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաեւ երկաթե ձող, որը նույնպես առգրավվել է։