Պետական ապարատն ավելի մեծ է, քան պետք է լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ հաջորդ տարի 5500 պետական աշխատող է կրճատվելու:

«Եթե սոցիալական հարց եք ասում, դե եկեք պետական ապարատը երկու անգամ ավելացնենք, կլինի՞ այդպես: Դուք մեզնից պահանջում եք արդյունավետ աշխատանք, որ պետական աշխատողն իր գործառույթը կատարի: 5 հազար 500 որ կրճատում ենք, լավագույնին չենք կրճատում... դե եկեք բոլորին ընդունենք պետական ապարատ, էդպես կլինի՞: Ասում են՝ ուսուցչին ո՞նց եք կրճատում, քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չի, բժիշկը բժիշկ չի, հենց կրճատում ենք, դուրս ա գալիս՝ կիրթ մարդուն կրճատում ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ լավ երկիր չենք ունենա, եթե լավ կառավարում չունենանք: