Այս գիշեր «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է:

Արդարադատության նախարարության քրեատատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ գիշերը նա սրտի շրջանում սուր ցավել է ունեցել, արագ հրավիրվել է շտապօգնություն եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ:

«Դատաբժշկական փորձանքննությունը կպարզի, թե կոնկրետ ինչից է նա մահացել»,-ասաց Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորանը Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով գնդակահարել 8 մարդու: Նրանք դիմահար կրակոցներով սպանել էին կառավարության եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: