Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր՝ նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ Արարողությանը ներկա էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր-պետ Հայկ Քոթանջյանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, հայտնի դերասաններ եւ անվանի գործիչներ (ֆոտոռեպորտաժ)։

Ալեքսանդր Գրիգորյանին վերջին հրաժեշտ տալու եկավ եւ արագ հեռացավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Կյանքում Ալեքսանդր Գրիգորյանը կոմպրոմիսների չգնաց միայն իր թատրոնի հարցում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրեդ Դավթյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը հուղարկավորվեց Երեւանի Քաղաքային պանթեոնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին, 81 տարեկան հասակում՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964 թ. հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատեց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր:

2017 թ. ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը:

Նյութի աղբյուրը` News.am