Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է զինծառայող Արտակ Էվջիկյանի անմեղությունը առաջադրված երկու մեղադրանքներից մեկով։ NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արտակ Էվջիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությաուն կատարելը։ Նա արդարացվել է առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության, մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով:

Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եւ նրա նկատմամբ նշանակել պայմանական կալանք 1 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը՝ կոչումով սերժանտ, գտնվելով հնգօրյա արձակուրդի մեջ, 2016 թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 11:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իրենց ընտանիքին պատկանող ամառանոցից 248 մետր հեռավորության վրա, ճանապարհի ձախակողմյա հատվածից, առանց իրացնելու նպատակի, քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 2.7 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նույն ամառանոցում պատրաստել եւ տեղադրել է ծխախոտի տուփի մեջ, այնուհետեւ նույնպես ապօրինի փոխադրել եւ պահել է իր տան ննջարանի մահճակալի կողապահարանում:

Բացի այդ, Արտակ Էվջիկյանն, ըստ մեղադրանքի, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է՝ գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմնին գրավոր հայտնել է, որ քրոջ ամուսինը փորձել է իրեն իրացնել զգալի չափի 2.7 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ նրան մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ: