Տարկետման իրավունքը հանելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ առավոտից մեծ թվով ուսանողները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվում են մասնակցել դասերին: Դասադուլավոր ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ: ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեմ է տարկետման վերացմանը, նրա խոսքով, ուսանողներին բանակ ուղարկելու փոխարեն ավելի լավ կլինի ոստիկաններին ուղարկել. «Ուսանողներին ուղարկելու փոխարեն, թող էսքան ոստիկաններ կան, իրենց ուղարկեն»:

Նշենք, որ տեւական ժամանակ համալսարանի մասնաշենքերի դռները փակ էին, այնտեղ գտնվող ուսանողները չէին կարողանում դուրս գալ եւ միանալ դասադուլ հայտարարած ընկերներին, նրանք կարողացան համալասարանից դուրս գալ միայն դասադուլը սկսվելուց մեկ ժամ անց:

Դասադուլ անող ուսանողներն իրենց հետ բերել են «Տարկետում լինելու ա» գրությամբ պաստառներ: