«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաեւ կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրթության եւ առողջապահության ծախսերն ավելի են կրճատվելու, ըստ այդմ` Հայաստանն ունի բոլոր նախադրյալները` Global Militarization Index-ի ցուցակներում հաջորդ տարի ավելի բարձր ու «պատվավոր» տեղ զբաղեցնելու համար:

Այս վերլուծությունն իրականում միայն մտահոգություններ է ծնում մեր երկրի հեռանկարի վերաբերյալ: Նախ` միլիտարիզացված երկրները, որպես կանոն, չեն ունենում քաղաքացիական ուժեղ հասարակություններ, ազատ տնտեսություն, որակյալ քաղաքական համակարգ: Նման իմիջով Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ակնկալել օտարերկրյա ներդրումներ: Բիզնեսն աշխատում է հեռու մնալ միլիտարիզացված երկրներից ոչ միայն այն պատճառով, որ նրանք բացահայտ կամ քողարկված հակամարտությունների մեջ են լինում հարեւան երկրների հետ:

Նման երկրները` որոշակի օրինաչափությամբ, կոռումպացված են լինում՝ կառավարման ցածր որակով եւ արդարադատության բացակայությամբ: Միլիտարիզացիայի բարձր մակարդակը բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի քաղաքական իմիջի վրա, որովհետեւ արտաքին գործընկերները կասկածի տակ են դնում երկրի խաղաղասիրական նախաձեռնությունների անկեղծությունը:

Սակայն Հայաստանի պարագայում միլիտարիզացիան ավելի շատ ոչ թե բովանդակային դրսեւորում է, այլ աղքատության հետեւանք: Խիստ օբյեկտիվ պատճառներով Հայաստանի իշխանությունը չի կարող խնայել պաշտպանության, սպառազինության ձեռքբերման վրա, դրա փոխարեն` «խուզելով» բյուջեի այն տողերը, որոնք կրթվելու, բուժսպասարկվելու հնարավորություններ են ստեղծում մեր հասարակության համար: Սա, իհարկե, խոսում է մեր տնտեսության ստագնացիայի, ճահճացման մասին, որովհետեւ եթե այն բնականոն զարգանար եւ հումանիտար ու սոցիալական ոլորտներում պետության ծախսերը չկրճատվեին, Հայաստանի միլիտարիզացիայի մակարդակն այսքան բարձր չէր լինի ու չէր հարուցի միջազգային կամ տեղական դիտորդների մտահոգությունները: Ինչ-որ իմաստով Global Militarization Index 2016-ը բացահայտում է Հայաստանի ոչ թե միլիտարիզացվածությունը, այլ` սարսափելի աղքատությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում