«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի Եղեգիս համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ-ի պաշտոնական թեկնածու, Աշոտ Արսենյանի եւ մարզպետ Հարություն Սարգսյանի հովանավորյալ Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը պարտվեց ինքնառաջադրված ՀՀԿ-ական, Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանին։ Վերջինս նախկինում ԲՀԿ-ական է եղել, 2008-ին հարկադրաբար դարձել է ՀՀԿ-ական՝ Քարագլուխ համայնքի ղեկավար ընտրվելու համար։

Նա Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի սանիկն է, ավելին՝ նրան պաշտպանում էր նաեւ պաշտոնաթող գեներալ եղեգնաձորցի Հովիկ Օհանյանը, եւ, ըստ էության, պայքարը ոչ թե ՀՀԿ-ականների, այլ ՀՀԿ-ԲՀԿ-ի, ինչպես նաեւ մարզի ազդեցիկ կլանների միջեւ էր։

Ի դեպ, Ստեփանյանը մեզ հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչու է ժամանակին ԲՀԿ-ից դուրս եկել ու անդամակցել ՀՀԿ-ին։ Իսկ հարցին, թե Բագրատյանի քավորությունը չի՞ խանգարի ՀՀԿ-ական մարզպետի ենթակայությամբ աշխատելուն, ասաց, որ իրեն հիմա ոչ մեկն ու ոչինչ չեն կարող կաշկանդել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում